Ձերբակալվել են Մինսկի ահաբեկչության գործով կասկածյալներ (վիդեո)

Ձերբակալվել են Մինսկի ահաբեկչության գործով կասկածյալներ (վիդեո)
Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են Մինսկի մետրոյի պայթյունի հետ։ Այդ մասին լրագրողներին է հայտնել գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը։ Նա հայտարարել է, որ ահաբեկչությունը նպատակ ուներ ապակայունացնել իրավիճակը Բելառուսում, հաղորդում է NEWSru.com կայքը։ Շվեդի խոսքերով, պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։

Երեքշաբթի առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահ մարմինները կազմել են երկու տղամարդկանց ֆոտոռոբոտներ, որոնք կասկածվում են ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ։ Ինչպես հայտարարել է Բելառուսի ներքին գործերի նախարար Անատոլի Կուլեշովը, ֆոտոռոբոտների ստեղծմանը մեծապես օգնել են ականատեսների հայտնած տեղեկությունները։



Ըստ ֆոտոռոբոտների, կասկածյալներից մեկը կովկասյան արտաքինով չսափրված տղամարդ է, սեւ հագուստով, կապույտ գործված գլխարկով։ Նշվում է նաեւ, որ կասկածյալների մեջ կին չկա։ Ներքին գործերի նախարարն ավելացրել է նաեւ, որ ռումբն ինքնաշեն էր, պատրաստված վառոդից, ինչը շատ անսովոր է ահաբեկիչների համար. այն գործի է դրվել ռադիոկառավարվող սարքի միջոցով։  Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մինսկի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է 12 մարդ, 149 հոգի տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել։



Ի դեպ, ինտերնետում արդեն տարածվել են դեպքի հետ կապված մի շարք տեսանյութեր, այդ թվում պայթյունի ականատեսի` բջջային հեռախոսի վրա արված տեսագրությունը: