Լենինի հավատարիմ զինակից Կամոն

Լենինի հավատարիմ զինակից Կամոն
1882 թ. մայիսի 15-ին ծնվել է Կամոն` Սիմոն Տեր-Պետրոսյանը, նա ով մեզ բոլորիս խորհրդային դասագրքերից ու կինեմատոգրաֆից ծանոթ է որպես «բոցաշունչ հեղափոխական», «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» անմնացորդ նվիրյալ ու զինակից, իսկ իր այդ մականունն էլ ստացել է իր համար կիսահարազատ ռուսերենին ոչ այնքան լավ տիրապետելու պատճառով («ՍՏՎօ?» հարցադրումը սխալ էր արտաբերում):



Ճակատագրի բերումով ծնվել է Գորիում` նույն քաղաքում, որտեղ ծնվել է նաեւ «ժողովուրդների հայրը», ով էլ ամենայն հավանականությամբ նրա վաղաժամ մահվան կազմակերպիչը դարձավ:



Եթե փորձենք հասկանալ, թե ինչ բան է քաղաքական PR-ը, եւ թե ինչպես կարող է զանգվածների գիտակցության վրա իր ազդեցությունը թողնել ամբողջատիրական գաղափարախոսությունը, ապա Կամոն հենց ամենաբնութագրական օրինակը կարող է լինել: Էլ ուրիշ ո՞վ կարող էր գողական աշխարհի ներկայացուցչից, բանկերի ու խանութների կողոպտիչից վերածվել ազգային հերոսի, եթե ոչ նրա պես անմնացորդ հեղափոխականը:



Սովետահայ գրականության «թեթեւ ձեռքով» եւ «Հայֆիլմում» ստեղծված կինոեռերգության շնորհիվ Կամոն բոլորիս աչքում Ռոբին Հուդի յուրատեսակ տեղայնացում էր, սովետահայ մի Ռեմբո, որի համար չկար ոչ մի անհնար բան, իսկ իր բոլոր հերոսությունները նա անում էր միմիայն մեզ բոլորիս երջանիկ ապագա պարգեւելու բաղձանքով:



Ուրեմն տասնյակ տարիների ընթացքում մեր ազգային կինեմատոգրաֆը մոռացավ մեր իրական հերոսներին, մի «Մխիթար Սպարապետ» նկարահանեց, այն էլ` լավ էր չնկարահաներ, իսկ ահա Կամոն անգամ եռերգության արժանացավ:



Տասնամյակներ շարունակ, խորհրդային մանուկների սիրված վայրերից էր մայրաքաղաքի Ռեւոլյուցիայի թանգարանը, որտեղ պահվում էր աննկուն հերոսի հեծանիվը, որով նա վթարի էր ենթարկվել: Ճիշտ է, ոմանք դրա վրա ապրանքապիտակ էին նկատել, որի վրա արտադրության ժամկետը ոչ մի կերպ չէր համապատասխանում Կամոյի մահվան տարեթվին, բայց դա թողնենք ասեկոսեների շարքում:



Իսկ եթե հաշվի առնենք 1922 թ. Թիֆլիսում ավտոմոբիլների սակավությունը, եւ ողջ այն քաղաքական տեռորի մթնոլորտը, որ տիրում էր բոլշեւիկների նորաստեղծ երկրում, դժվար չէ կռահել, որ վթարը սարքված կլինի, իսկ թե ում կողմից` պարզից պարզ է. «Կոբան» նախընտրում էր ձերբազատվել բոլոր նրանցից, ում հետ մութ անցյալ էր կիսել...



Լեւոն Գեւորգյան