Էս էլ կյանք չի

Էս էլ կյանք չի
Անկեղծորեն կարելի է ցավակցել պետական կառույցների եւ հատկապես իրավապահ մարմինների մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատակիցներին: Ողջ օրը զբաղված են սրա-նրա գրածը հերքելով ու պարզաբանելով: Երեկ, օրինակ, մի-մի զայրացած հաղորդագրություն են տարածել ՀՀ գլխավոր դատախազության եւ Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատուները: Առաջին դեպքում պատասխանել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե իր եղբոր մոտ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ իրեն չեն թողնում ՀՀ գլխավոր դատախազի հրահանգով: Իսկ երկրորդ դեպքում հերքել են այն լուրերը, թե համաներման տակ ընկնելու համար դատապարտյալներից հազար դոլար կաշառք են վերցնում: Հաղորդագրությունների տոնայնությունից կարելի է եզրակացնել, թե այս ծառայությունների ղեկավարների նյարդերն ինչքան են պրկված. էլ «մառազմատիկ հայտարարություններ», էլ «զրպարտության տարածման շահավետ մոլուցք», էլ «անգրագետ բամբասանք» որակումներն են օգտագործվել: Անշուշտ, կարելի է հասկանալ մեր «գործընկերներին»: Ասում են՝ յուրաքանչյուր տհաճ հրապարակման համար նրանք պատասխան են տալիս շեֆերի առաջ, բայց ամեն դեպքում կոռեկտությունը պետք է պահպանել: Եթե օրենքն այնպես են վերաձեւել, որ վիրավորանքի համար մեզ՝ լրագրողներիս են դատի տալիս, չի նշանակում պետական ծառայողին ու պաշտոնյային կարելի է ցանկացած որակում օգտագործել: Մյուս կողմից՝ պետք չէ զայրանալ լրագրողների ու ընդդիմախոսների վրա. պետական կառույցների համբավն ու տարիների աշխատանքն իրենց բացասական դերը խաղացել են, եւ կոռուպցիայի ու կամայականության մեջ թաղված այս համակարգերում անգամ եթե օրինավոր են աշխատում, ոչ ոք դրան այլեւս չի հավատում: Ինչպես չեն հավատում, երբ սուտասանի տունն իրապես կրակ է ընկնում: