Տուգանել են բողոքողներին

Տուգանել են բողոքողներին
Մինսկի կենտրոնական դատարանը տուգանքներ է նշանակել այն վարորդներին, որոնք հունիսի 7-ին մասնակցել են ընդդեմ բենզինի թանկացման  բողոքի ակցիային: «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի փոխանցմամբ` 4 քաղաքացիներ տուգանվել են 105-140 ԱՄՆ դոլարի չափով: Թե կոնկրետ որ իրավախախտման համար են վարորդներին տուգանել, կենտրոնը չի նշում: Նշենք, որ «Ստոպ բենզին» ակցիայի պատճառով մայրաքաղաքում մի քանի ժամով կաթվածահար էր եղել երթեւեկությունը:



Ակցիային մասնակցող հարյուրավոր վարորդներ, ձայնային ազդանշանները միացրած, բավականանին դանդաղ են վարել մեքենաները Մինսկի կենտրոնական փողոցներով, որպեսզի կառավարության ուշադրությունը հրավիրեն բենզինի գնի թանկացման խնդրի վրա: Ակտիվիստները մյուս վարորդներին թերթիկներ են բաժանել, որտեղ գրված են եղել բենզինի գնի թանկացման վերաբերյալ իրենց դժգոհության պատճառները:



Ակցիան միաժամանակ անցկացվել է Բելառուսի Գոմել, Բրեստ եւ Մոգիլեւ քաղաքներում: Բողոքող վարորդները կարծում են, որ վառելիքի գնի թանկացումը հիմնավորված չէ, եւ համոզված են, որ եթե ավելի մեծ թվով վարորդներ միանան իրենց, ապա կհաջողվի փոփոխել կառավարության որոշումը: