Արդյոք կհաջողվի՞

Արդյոք կհաջողվի՞
Արդյոք երբեւէ կհաջողվի՞ Հայաստանում ձեւավորել դասական առումով առողջ ու արեւմտյան աշխարհին վաղուց ի վեր հայտնի քաղաքական դաշտ, որտեղ կուսակցությունները կունենան իրական նվիրյալ անդամներ, որոնք կուսակցություն կմտնեն ոչ թե նեղ անձնական ու մութ շահերից ելնելով կամ վախի ու պաշտոնը չկորցնելու վտանգն աչքի առաջ: Որտեղ այդ կուսակցությունները կունենան բազմահազար համակիրներ, որոնք կամովին ու սիրով ձայն կտան իրենց նախընտրելի կուսակցությանը եւ նրա իշխանության գալու մեջ կտեսնեն հեռանկար: Որտեղ ընտրությունը չի վերածվի կենաց-մահու պայքարի, եւ մարդիկ իրենց նվաստացած չեն զգա: Որտեղ քաղաքական պայքարը չի վերածվի ինտրիգներ հյուսելու մրցավազքի, եւ քաղաքական համախոհ լինելը պայմանավորված չի լինի իրար հետ խնամիանալու փաստով: Որտեղ քաղաքական գործընկերներ միմյանց չեն կասկածի ստոր ու նենգ բանսարկությունների մեջ, իսկ քաղաքական ընդդիմախոսներն իրար չեն ատի ու չեն ոչնչացնի ցանկացած միջոցներով: Կհաջողվի՞ երբեւէ մեր երկրում այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ շարքային ընտրողը հավատա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերին, իսկ ընտրությունների պրոցեսին մասնակցած յուրաքանչյուր անձ չդառնա հանցագործ: Արդյոք կկարողանա՞նք հասնել այն բանին, որ դատարանն ու կոռուպցիան, ընտրությունն ու ընտրակեղծիքը, իշխանությունն ու տգիտությունը մի օր չնույնացվեն: Եվ հասարակությունն ունենա նաեւ փոքրաթիվ, բայց իրական հերոսներ, որոնք հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ ոչ մի գնով չծախվեն, չկոտրվեն, չհեռանան՝ որքան էլ դժվար լինի: Ու դա տեղի չունենա անպայման օրհասական պահերին, երբ, ասենք՝ պատերազմ է, եւ ազգի լինելության հարցն է որոշվում: Չէ որ դա որոշվում է ամեն օր, անընդհատ: