Նորի ու հնի վեճը

Նորի ու հնի վեճը
Երեկ ես ականատես եղա, թե ինչպես է երեւանյան հանդիսատեսը ծափահարում Հովո-խրուշչովկայի եւ Մկո-էլիտարի երկխոսությանը, երբ սովետական տարիների կիսաքանդ ու անհարմար շենք-Հովոն դասախոսություն էր կարդում էլիտար-Մկոյի հասցեին, թե՝ ինձանով է քաղաքը քաղաք: Տեսնես այս կտորը Երեւանի քաղաքապետը, մի քանի անգամ Երեւանի ճարտարապետ աշխատած ու մայրաքաղաքի «հերն անիծած» Նարեկ Սարգսյանը, Երեւանի կառուցապատումն իր պաշտոնավարման ամենամեծ նվաճումը համարող Ռոբերտ Քոչարյանը լսե՞լ են: Անշուշտ՝ չեմ կարծում, թե այս անձանց շատ էլ հուզում է երեւանցիների տեսակետն ու վերաբերմունքը: Բայց արժեր, որ գոնե իմանային: Այդ դեպքում՝ երբ լսեին, թե ինչպես են պատերի տակ իրենց հայհոյում ու անիծում, կհասկանային, թե դա որտեղից է գալիս: Քարե, խստաշունչ ու անկյանք քաղաք դարձած մեր Երեւանն ափսոս, որ անձամբ խոսել չի կարող: Այնպես, ինչպես խոսել ու բողոքել չեն կարող Սեւանը, Թեղուտը, Խոսրովի անտառը, Ալավերդին, Քաջարանը, որոնք էկոլոգիական աղետի շեմին են, եւ տնտեսական բարգավաճման հետքն էլ չի երեւում: Եթե կարողանային՝ կաղաղակեին, կխնդրեին չփչացնել իրենց, չավերել, իրենց հաշվին փող չաշխատել եւ ընդհանրապես տարրական հարգանք տածել բնության, հուշարձանների, պատմական արժեքների հանդեպ: Զգույշ ու խոհեմ լինել: Կասկածել սեփական գիտելիքներին ու լսել մասնագետներին: Ամեն նոր չէ, որ լավ է: Ամեն հին չէ, որ պետք է քանդել՝ ասում էին հումոր անող տղաները, որոնք, պարզվում է՝ ավելի իմաստուն են, քան մեր պետական այրերն ու ճարտարապետ-դիզայներ-բնապահպան-էկոլոգները: Ի վերջո, երեկվա ներկայացման ծափերն ասում էին այն մասին, որ եթե կա նոր նախագիծ, քանդել-սարքելու ծրագիր, ժողովուրդն ավելի ճիշտ կկողմնորոշվի, քան որոշում կայացնող պետական այրերը: