Նոր չարաշահումներ

Նոր չարաշահումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում  նորանոր չարաշահումներ են բացահայտվում: Մենք մոտ մեկ ամիս առաջ գրեցինք, որ նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններից հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են «Էներգոչափ», «Էկտրեկ» ընկերությունները:



Դեռեւս այն ժամանակ խոսվում էր ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին, ինչի վերաբերյալ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել:



Մեզ հասած տեղեկություններով՝ 2007-2010 թթ. իրականացվող ճապոնական վարկից 34 միլիոն դոլարը նախատեսված է եղել 32 ենթակայան վերանորոգելու համար, սակայն, ըստ բացահայտումների, վերանորոգվել է ընդամենը 14-ը:



Տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանին պատկանող «Էներգոչափ» ՓԲԸ-ին շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառվել է Նորքում գտնվող 4 հարկանի շենքն իր ամբողջ տարածքով՝ պետությանը պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս:



Այդ տեղեկությունների համաձայն՝ ՀԷՑ-ին պատկանող շինությունները նույնպես «կոպեկներով» սեփականաշնորհվել ու վաճառվել են «Էկտրեկ» ընկերությանը: Նշենք, որ փոխտնօրեն Կարեն Դարբինյանը, ում անվան հետ են կապում վերոնշյալ չարաշահումները, այս ընթացքում արձակուրդում է գտնվում: