Մի վնասիր

Մի վնասիր
Աչքիս առաջ ունենալով հերթական անգամ «հերետիկոսության, աղանդավորության եւ հայ եկեղեցու հիմքերը թշնամաբար խարխլելու» մեջ մեղադրվելու հեռանկարը, ուզում եմ անդրադառնալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ աշխարհասփյուռ հայության կյանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերակատարությանը, հատկապես կաթողիկոսի՝ Վրաստան կատարած «պատմական» այցի լույսի ներքո: Այս այցին արդեն մի քանի տարի է՝ կողմերը պատրաստվում էին ու բազում ակնկալիքներ ունեին: Անշուշտ, չի բացառվում, որ այցի իրական ընթացքի ու կոնկրետ պայմանավորվածությունների մասին տեղեկատվությունն այնքան սուղ է, որ մեզ հնարավորություն չի տա լիարժեք եզրահանգումներ անել: Սակայն մի փաստ կա, որը խոսում է այն մասին, որ այցն այնքան ջերմ ու կառուցողական չի եղել, առավել եւս՝ արդյունավետ, ինչպես սպասում էինք բոլորս: Խոսքը Իլյա Երկրորդի՝ իր դիրքին ու մեղմաբարո նկարագրին ոչ բնորոշ հայտարարության մասին է՝ ուղղված Գարեգին Բ-ին: Ինձ իրավունք եմ վերապահում ենթադրելու, որ մեր հոգեւոր առաջնորդը չի փայլել իր խելամտությամբ, ազնվականությամբ եւ պահվածքի անթերիությամբ, ինչը տեղիք է տվել վրաց հովվապետի հրապարակային դիտողությանը, թե՝ անփորձ է ու երիտասարդ: Երեկ Էջմիածնի ներկայացուցիչները կցկտուր պատասխաններ էին տալիս այդ որակումներին: Սակայն փաստ է, որ մեր կաթողիկոսն ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում: Հենց միայն երեւանյան իր նստավայրի շուրջ աղմուկը, Ժնեւի, Վառնայի, Նիցցայի հայ համայնքների եւ թեմերի առաջնորդների հետ կապված դեպքերը հաստատում են այս տխուր եզրահանգումը: Իսկ հոգեւոր հովվապետը պետք է միավորեր ու խաղաղեցներ, համերաշխություն, սեր ու հավատք բերեր, այլ ոչ թե դժգոհություններ ու աննախադեպ ընդվզում առաջացներ: