Որն է հաջորդը

Որն է հաջորդը
Երեկ մեր ժողովուրդը հերթական, ըստ իս, անիմաստ հրճվանքն ապրեց. Կազանում Ղարաբաղի հետ կապված որեւէ փաստաթուղթ չստորագրվեց: Ոմանք, անշուշտ, կառարկեն ինձ՝ ինչո՞ւ անիմաստ, ավելի լավ է ոչինչ չստորագրվի, քան մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրվի: Համաձայն եմ՝ եթե դա չի նշանակում ընդամենը այս տանջալից ու անորոշ սպասումի երկարաձգում, այս չավարտված ու ամեն օր մեզնից նորանոր զոհեր խլող պատերազմի շարունակություն, այս մեկուսացված ու կոմունիկացիաներից զուրկ, փակ սահմաններով ու բնատնտեսության կանոններով գոյատեւման խորացում: Ժամանակ ձգելը կարող է մեն մի իմաստ ունենալ՝ եթե ժամանակ շահելով, իրավիճակը հօգուտ մեզ ենք ծառայեցնում: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե այդպես է: Նաեւ վստահ եմ, որ հակամարտության չկարգավորման ամեն օրը մեզ ավելի է մոտեցնում պատերազմին, ավելի է մեծացնում արտագաղթը, ավելի է խորացնում հասարակության հուսահատությունն ու երկրի ապագայի նկատմամբ հավատի կորուստը: Դատելով վերջին շրջանի իրադարձություններից, նաեւ վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ Կազանում այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրվի՝ որքան էլ որ այն ցավոտ ու անկանխատեսելի լինի իր համար: Եվ չստորագրվելու պատճառը հայկական կողմի մեջ չէ, որ պետք է փնտրել: Իսկ ամեն ինչ արել է, քանի որ ինձնից եւ ձեզնից ավելի լավ գիտի, թե ինչ է նշանակում չկարգավորված, բազում վտանգներով լի կոնֆլիկտի անորոշ երկարաձգումը: Եվ ո՞վ է ասել, որ հաջորդ շանսն ավելի բարենպաստ է լինելու մեզ համար: Իսկ հաջորդ փաստաթուղթը հենց այն է լինելու, ինչ մենք ազգովի երազում ենք: Արդյո՞ք ժամանակը մեր օգտին է աշխատում, ինչպես պնդում են տարբեր քաղաքագետներ, եւ արդյո՞ք մենք կարողանալու ենք աշխարհին պարտադրել մեր ճշմարտությունը: