Հողին կպած, հողից սնված

Հողին կպած, հողից սնված
Կիրակի օրը մեր խմբագրությունը հյուրընկալվել էր Մարտունիի Մադինա գյուղում: Սելիմի լեռնանցքին ամենամոտ, ամենախստաշունչ կլիմայով այս գյուղում ձմռանը մի քանի ամիս ճանապարհը փակվում է՝ անգամ ծննդկաններին չեն կարողանում հիվանդանոց հասցնել: Պինդ, իրենց հողին կպած, աշխատավոր մարդիկ էին տանտերերը՝ երիտասարդ, կարմրաթուշ գյուղապետի գլխավորությամբ, որի աշխատանքից գոհ էին ու չէին թաքցնում իրենց գոհունակությունը: Դժվարությամբ են ապրում, բայց իրենց գյուղն իրենց աշխարհն է՝ հեռանալու, օտար ափերում տաքուկ կյանք փնտրելու ոչ մի նպատակ չունեն: Անասուն են պահում, հող մշակում, տուն կառուցում, հպարտանում իրենց մշակույթի պալատով, Արմաղան լեռան գագաթին կառուցված եկեղեցով: Թվում է՝ մեծ աշխարհում, անգամ Երեւանում կատարվող իրադարձությունները նրանց չեն հետաքրքրում: Ապրում են մաքուր, բնական կյանքով՝ արեւի հետ արթնանում, արեւի հետ քնում: Հողի խնդիր ունեն հարեւան գյուղի հետ, այն էլ վստահ են՝ կլուծվի: Հետաքրքիր հումոր ունեն՝ իրենց սարերի ու դաշտերի նման մաքուր: Պատմեցին, որ իրենց գյուղի պատմության ընթացքում միայն մի գյուղացի է «նստել»՝ այն էլ ոչխար գողանալու համար: Եվ, որպես պատիժ, ազատվելուց հետո նրան ամբողջ գյուղի հոտն են վստահել: Այսպես ասած՝ աշխատանքով ուղղելու, իր ուղղվելը աշխատանքով ապացուցելու հնարավորություն են տվել: Մի ամբողջ օր գյուղացիների հետ անցկացնելուց հետո հասկացանք, որ ուժ ու եռանդ ենք փոխ առել նրանցից: Մայրաքաղաքի ինտրիգներից հոգնած, խաղաղվել էինք՝ նայելով նրանց խանձված ու արեւահարված դեմքերին, նրանց կոշտացած ձեռքերին, պարզ ու շիտակ հայացքներին: Հայրենի հողից սնվող կենարար ուժ էինք ստացել, որ երեւանյան ասֆալտը չի տալիս: