Մեկնարկում է «Ոսկե ծիրանը»

Մեկնարկում է «Ոսկե ծիրանը»
Վաղը 8-րդ անգամ կմեկնարկի «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը: Փառատոնի այս տարվա գլխավոր հյուրը լինելու է աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը, ով, որպես ռեժիսոր, ներկայացնելու է իր 2 ֆիլմերը՝ «Մոխիր եւ արյուն» եւ «Բացակա երազները»: Այս տարի էլ փառատոնը կսկսվի ծիրանօրհնեքով, կարմիր գորգով, երաժշտությամբ:



Հատուկ «Ոսկե ծիրանի» համար մի քանի օրով վերաբացվելու է «Նաիրի» կինոթատրոնը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, երբ տոմսերի արժեքը 300 դրամ էր, այս տարի կլինի 500 դրամ: Երեւանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին՝ Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում», Լարս Ֆոն Թրիերիի «Մելանխոլիա» ֆիլմերը:



Կինոփառատոնին այս տարի հայտ է ներկայացրել 81 երկրից 630 ֆիլմ, որոնցից ընտրվել են 150-ը՝ 45 երկրներից:



«Ոսկե ծիրանի» մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատի միջազգային ժյուրին, որի 5 անդամները դրսից են: Փառատոնի շրջանակներում կլինեն նաեւ մաստեր կլասներ, հոբելյանական ծրագրեր: Կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի մրցանակով կպարգեւատրվեն Ֆանի Արդանը, Ռոման Բալայանը եւ Բելլա Տարրը: