Պորտալարը պետք է կտրել

Պորտալարը պետք է կտրել
Ի՞նչ է զգում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, երբ էկրանին տեսնում է իր նախագահին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրում կամ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողության առաջ ելույթ ունենալիս: Հպարտությո՞ւն, հետաքրքրվածությո՞ւն, ինքնավստահությո՞ւն, պետականության զգացո՞ւմ: Չգիտեմ: Անձամբ ես անհանգստության, դիսկոմֆորտի զգացում եմ ունենում: Մտածում եմ՝ նորից այս ռուսները: Տեսնես հիմա ի՞նչ են մտածել: Մեր ո՞ր հերթական ստրատեգիական հարստությունն են պատրաստվում գրոշների գնով ձեռք բերել ու փոշիացնել: Ղարաբաղի հարցով ի՞նչ նոր, հակահայկական փաստաթուղթ են ուզում ստորագրել տալ ու մի կողմ քաշվել: Մեր ո՞ր հարեւանի դեմ են ուզում հերթական անգամ մեզ տրամադրել ու տարածաշրջանում որպես գործիք կիրառել: Երբ Ռուսաստանի հետ մեր առնչությունները եւ պատմական փաստերը դնում ես կողք-կողքի, երբ սկսում ես թվարկել, թե իր քաղաքական շահերի ու նպատակների պրիզմայում ինչպես է Ռուսաստանը մեզ ավանդաբար օգտագործել, պարզապես սարսափում ես հայ ազգի անհեռատեսության, միամտության, սեփական շահը չգիտակցելու կործանարարությունից: Ասում են՝ խելոքը դասեր է քաղում ուրիշի սխալներից, իսկ հիմարն անգամ իր սխալներից չի կարողանում հետեւություններ անել: Ցավոք, պատմության եւ իրականության փաստերի թեթեւակի քննությունը համոզում է, որ մենք վերջինի դերում ենք: Ոչ միայն չենք կարողանում կտրել Ռուսաստան-Հայաստան պորտալարը, այլեւ տարեցտարի ավելի ենք խորացնում այն անդունդը, որտեղ մեզ մղում է մեր «ավագ եղբայրը»: Մինչդեռ խելքի ամենափոքրիկ առկայության դեպքում անգամ կհասկանայինք, որ մեր փրկությունը կշռաքարի նման մեր վզից կախված այդ բեռից օր առաջ ազատվելն է: