Հասկանալի ու սրտամոտ

Հասկանալի ու սրտամոտ
Երեկ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից մի ծրար ստացանք: «Արթնացեք» անունով փոքրիկ գրքույկին կից գրության մեջ ասված էր, որ Եհովայի վկաները ծնողներին են ներկայացնում աստվածաշնչյան այն խորհուրդները, որոնք կօգնեն երեխաների դաստիարակության հարցում: Նման բրոշյուրների նկատմամբ, մեղմ ասած, ոչ դրական վերաբերմունք ունենալով, փորձեցի թերթել այն եւ հասկանալ, թե այս անգամ ինչ աղբ ու թույն են ուզում ներարկել մեր ժողովրդին: Անկեղծ ասած՝ ուզում էի կրոնական մոլեռանդություն, կեղծ բարեպաշտություն, վտանգավոր մտքեր հայտնաբերել ու մի լավ ծաղրել այս գրքույկն էլ, դրա հեղինակներին էլ: Մանավանդ՝ երբ կրոնական հանդուրժողականությունից եւ խղճի ազատությունից ես խոսում, մեր ժողովուրդը քեզ աղանդավոր է կոչում եւ դատապարտում: Բայց փնտրտուքս արդյունք չտվեց. գրքույկը զերծ էր հոգեւորսության տարրերից ու կրոնական մոլեռանդությունից: Այն բավական խաղաղ շարադրանք է ծնողի պարտականությունների, չպլանավորված հղիության, միայնակ ծնողների եւ շատ ու շատ այլ բաների մասին, անգամ հեքիաթների ու խաղերի թեման չի մոռացվել: Ակամայից սկսեցի մտածել, որ սա մարդուն սրտամոտ ու հոգեհարազատ խոսք է, եւ հենց այս խոսքով են մարդկանց սրտերը գրավում տարբեր կրոնական հոսանքներն ու եկեղեցիները: Իսկ ինչո՞ւ այս ճանապարհով չի գնում Հայ առաքելական եկեղեցին: Նրա տպագրած պատմամշակութային եւ գրական գործերը, որոնց վրա, վստահ եմ, միլիոնավոր դրամներ են ծախսվում, հասարակ հավատացյալների սրտին ու հոգուն ոչինչ չեն տալիս: Գրաբարով ու պատմական խրթին լեզվով գրված այդ աշխատություններն, անշուշտ, արժեքավոր են՝ որպես թանգարանների ու արխիվների նյութ, գիտնականների ուսումնասիրության առարկա, բայց այսօր ապրող մարդու հետ ոչ մի կապ չունեն: