Նարեկացու գտնված երկը

Նարեկացու գտնված երկը
Մեծագույն ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոշիացնում են ստորագրող հեղինակի անունը, որովհետեւ անհավանականության տիրույթում  հեղինակության հարցն ինքնակամ լքում է ստեղծվածին: Ասում են՝ Հոմերոս բանաստեղծ իրականում չի եղել: Իբր նա մի մարդ էր, որը գրառել է «Իլիականը», ինչը եւս կասկածելի վարկած է: Ով իմանա մի քանի դար հետո ինչեր են խոսելու Դանթեի, Միլտոնի, Բայրոնի մասին, ինչ նոր ու ոչ ճշմարիտ լեգենդներ են հորինելու, տարածելու` ուղղորդելով մարդկային գիտակցությունը: Նարեկացու կյանքի մասին մանրամասնը նրա անմահ ստեղծագործությունն է, որովհետեւ Նարեկացին նույն ինքը «Մատյանն» է:



«Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի այս տարվա չորրորդ համարում առաջին անգամ տպագրված «Գրիգորի Նարեկացիոյ Ասացեալ Վասն Վարդապետաց եւ Իմաստուն Քահանայից Վախճանի Բան Գովութեան եւ Մխիթարութեան» Գրիգոր Նարեկացու երկը բացառիկ հնարավորություն է 21-րդ դարասկզբին ծանոթանալու նրա դեռեւս անծանոթ ստեղծագործությանը եւ շարունակելու վերծանել Նարեկացի-արարչի առեղծվածը, որ, համոզված եմ՝ տեւական է լինելու: Հրաչյա Թամրազյանի մեծ աշխատանքի, խոր ուսումնասիրության արդյունքում տվյալ երկի պատկանելության հարցի հավաստիությունն անվիճելի է: Իր հոդվածում նա գրում է.



«…ձեռագրական ավանդույթը եւ բնագրագիտական քննությունը մեզ բերում են այն համոզման, որ այս երկը պատկանում է Գրիգոր Նարեկացու գրչին եւ գրվել է իր մեծ ուսուցչի` Նարեկյան դպրոցի հիմնադրի եւ առաջնորդի` Անանիա Նարեկացու մահվան առթիվ… Այս երկը զգայացունց, եզրափակիչ դրվագն է Անանիա եւ Գրիգոր Նարեկացիների` մեծ վարդապետի եւ հանճարեղ աշակերտի համատեղ կենցաղավարության եւ ստեղծագործական կյանքի, նաեւ վկայագրությունն այն գերագույն գնահատանքի, որով Գրիգոր Նարեկացին հավերժացնում է իր ուսուցչի հիշատակը: Այն համահունչ եւ հոգեհարազատ է Անանիա Նարեկացու «Վասն անցավոր աշխարհիս» բանաստեղծությանը, որ խոր ազդեցություն է թողել Գրիգոր Նարեկացու ստեղծագործության վրա»:



«Բան գովության եւ մխիթարության» երկը հրաշալի առիթ է` էլի ու էլի դիմելու Նարեկացու հանճարեղ արվեստին` հասկանալու, քննարկելու, բանավիճելու, խոսելու նրա ազդեցության, դերի ու նշանակության էության մասին հայ հոգեւոր եւ աշխարհիկ մշակույթի մեջ եւ Նարեկացուն մոտենալու բնավ ոչ որպես անձեռնմխելիություն եւ անիրական մի երեւույթ, այլ՝ բանաստեղծի, մտածողի, հոգեբանի ու միստիկի, որի ժառանգությունը պատկանում է համայն մարդկությանն ու համաշխարհային մշակույթին: