Դենի Դը Ռուժմոն. «Սիրո առասպելներ»

Դենի Դը Ռուժմոն. «Սիրո առասպելներ»
Գրականագետ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը շարունակում է իր մեծ աշխատանքը, որի արդյունքում հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու շվեյցարացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ Դենի Դը Ռուժմոնի հայերեն արդեն 5-րդ՝ «Սիրո առասպելները» գրքին (Երեւան, «Լուսաբաց» հրատարակչատուն, 2011թ.): Դենի Դը Ռուժմոնը ծնվել է 1906 թվականին, Շվեյցարիայում:



1930 թվականին նա տեղափոխվում է Փարիզ` մերձենալով կրոնական էքզիստենցիալիստների եւ քրիստոնեական պերսոնալիզմի ներկայացուցիչների հետ: Ճանապարհորդելով Արգենտինա՝ Ռուժմոնը ծանոթանում է գրողներ Վիկտորյա Օկամպոյի եւ Խորխե Լուիս Բորխեսի հետ: Նրա «Նամակներ ատոմային ռումբի մասին» ու «Սերը եւ Արեւմուտքը» գրքերը մեծ ճանաչում են բերում հեղինակին` բարձրացնելով բանավեճերի եւ քննարկումների բուռն ալիք:



«Սիրո առասպելները» գրքում խորությամբ ուսումնասիրվում, փաստարկվում, արտացոլվում եւ սինթեզվում է արեւմտյան եւ արեւելյան սիրո կոնցեպցիաների էությունը: Հայերենում Ռուժմոնի հյութեղ լեզուն, նրա դիպուկ, շարժուն եւ զուսպ միտքը` շնորհիվ Թոփչյանի թարգմանական տաղանդի, հնչում են լավագույն կերպով եւ ընթերցվում մեծ հետաքրքրությամբ, որ շատ ժամանակ կաղում է հենց փիլիսոփայական երկերում:



Գրքի նախաբանում գրվում է. «Ստորեւ ներկայացվող էջերում նոր խորհրդածություններ կգտնեք սիրո առասպելների վերաբերյալ` արեւմտյան մշակույթներում, եւ այդ առասպելների հիման վրա գրված վեպի եւ օպերայի մտացածին կերպարների վերաբերյալ:



Այնուհետեւ դիտարկումների (կլինիկական իմաստով) առարկա կդառնան իրական անձնավորություններ, որոնց ապրած դրաման կարծես նույնանում է Դոն Ժուանի եւ Տրիստանի հետ: Վերջապես կվերադառնանք հիմնական խնդրին` անձնավորությանն ինքն իր մեջ, այնպես, ինչպես կարեւոր կրոններն են բնորոշում կամ ժխտում: Քանի որ յուրաքանչյուր գաղափար մարդու մասին գաղափար է սիրո մասին»:



Դենի Դը Ռուժմոնը սիրո առասպելների որոնումներով թափանցում է համաշխարհային գրականության այն ստեղծագործությունները, որոնք այս կամ այն կերպ իրենց մեջ ներառում են ու հայելում Տրիստանի առասպելի կերպարանափոխությունները, սեր-կիրք հարաբերակցության ցայտուն ու քողարկված դրսեւորումները: «Սեր-կրքի երեք իսկական վեպեր 20-րդ դարում» ենթաբաժնում Ռուժմոնը խոսում է Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտայի», Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների», Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպերի մասին, որտեղ բացվում են շնացման, սկանդալի, անիծյալ կրքի պահանջի, արնապղծության, կիրք եւ հասարակություն փոխազդեցության պահանջմունքներն ու եղելություները:



«Լոլիտան կամ սկանդալը» ենթաբաժնում Ռուժմոնը գրում է. «Շնացումը մեր օրերում հասցնում է ընդամենը ամուսնալուծության կամ պարպվում բանալ կապերի մեջ… Սեռական երկու տաբու է մնացել, որ զարմանալիորեն հարգում են մեր բարքերը` նախնական սրբազանից դեպի գիտական հիգիենա արագ անցում կատարելիս` սերն առ փոքրիկ ջրահարսերը եւ արնապղծությունը: Այս երկու սերերն արդյոք կարո՞ղ են դեմ լինել բնությանը:



Կենդանական աշխարհում եւ մարդկային հասարակությունների մեծ մասում դա շատ տարածված է: Արեւմուտքի բուրժուական դասակարգն ամենաակնառու բացառությունն է կազմում: Նրանք այնքան բնության դեմ չեն, որքան քաղաքակրթության: Նաբոկովն իր հերոսին ստիպում է ասել. «Իմ ճակատագիրն էր հասակ առնել մի քաղաքակրթության մեջ, որն արտոնում է քսանհինգ տարեկան տղամարդուն սիրահետել տասնվեց տարեկան աղջկան, սակայն ոչ տասներկու տարեկանին»»:



«Կիրքն ապրողը դատապարտվում է աքսորի: Կիրքն ապրողի ճակատագիրն է դառնում անվերապահորեն ժխտել այն ամենը, ինչը պաշտոնապես կարգավորում է հասարակական կյանքը: Սրանով է բացատրվում հասարակության եւ նրա պայմանադրությունների մշտական ներկայությունը տրիստանյան վերոնշյալ երեք վեպերում»:



Դենի Դը Ռուժմոնը պարզաբանում է սիրո երեք դպրոցների (քրիստոնեական, իրանական, արեւելյան) կոնցեպցիաները: Արեւելքը, սիրո-կրքի մղումներին ի հակադրություն եւ ի լրացում Արեւմուտքի, անտեսում է նախապաշարումները, որովհետեւ` «Արեւելքը ցանկանում էր ուժասպառ անել, «մաշեցնել շոշափելի իրականը», որպեսզի վերամիավորվի նախնական մեկին»: Բայց դրա հետ մեկտեղ Արեւելքի բարեշատ զսպվածության ավարտը կրկնապատկում է հաճույքի զորեղ չափաբաժինը:



Դենի Դը Ռուժմոնի «Սիրո առասպելները» գիրքը կարող եք ձեռք բերել Երեւանի փոքրաթիվ գրախանութներից: