PR-ի մասնագետները

PR-ի մասնագետները
Բարդ է այն նախագահների վիճակը, ովքեր պատրաստվում են կրկին առաջադրվել, սակայն որոնց ղեկավարած երկրներում աղքատություն է տիրում, մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ, անարդարություն ու արտագաղթ: Նմանատիպ վիճակում են հայտնվել ետխորհրդային երկրների ղեկավարները: Ինչպես պետք է համոզի Հայաստանի նախագահը կամ Ռուսաստանի վարչապետը, որ հաջորդ հինգ տարիներին ինքը կապահովի այն, ինչը չի կարողացել ապահովել առաջին հինգ կամ նախորդ տասը տարիների ընթացքում: Այստեղ է, որ գործի են դրվելու պետական գործչի ողջ խելքն ու խորամանկությունը, հասարակական հոգեբանությունն ըմբռնելու ու ճիշտ PR կիրառելու ունակությունը: Քանի որ ՌԴ նախագահի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնում, վարչապետ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ գործի է անցել: Նա օրերս «Իզվեստիա» թերթում հանդես է եկել մի հոդվածով, որտեղ բացատրել է իր առաջադրվելու մոտիվները: Նա տողատակերում խորհուրդ է տվել հեղափոխության փորձ անողներին առանձնապես հույսեր չփայփայել, քանի որ ՌԴ-ն ոչ թե թռիչքաձեւ է զարգանալու, այլ աստիճանական բարեփոխումների կայուն ճանապարհով: Նա թվարկել ու ներկայացրել է իր նախագահության տարիների ձեռքբերումները՝ «կայուն տնտեսական աճ, մարդկանց կենսապայմանների բարելավում», եւ խոստացել է իր ընտրվելու պարագայում «ամրապնդել իրենց դիրքերն արագ փոխվող աշխարհում»: Մի քիչ ուժի, մի քիչ բռնության ու սպառնալիքի եւ անպայման կայունության ու անցնցում ապագայի խոստումներով է հանդես գալիս սովորաբար նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Նա նույնպես հայտարարում է, որ իր օրոք տնտեսական աճ է արձանագրվել, եւ մարդկանց կենսամակարդակն է բարձրացել: Նրա կողմնակիցները նաեւ հասարակությանը ներշնչում են, որ դիմադրելն անօգուտ է՝ «թուլացեք եւ հաճույք ստացեք»: