Բնական սոցիոլոգիա

Բնական սոցիոլոգիա
Ով ինչ ուզում է ասի, բայց լավագույն «սոցիոլոգիական հարցումը» նախընտրական հանրահավաքների մարդաքանակն է: Անգամ եթե ընդունենք, որ այդ մարդիկ հավաքվում են վախի ազդեցության տակ, ստիպողաբար, իրենց ադմինիստրացիաների պահանջով, ապա սա այն մասսան է, որն այդ նույն սկզբունքով էլ քվեարկելու է: Այնպես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի էլեկտորատը նրանց հավաքներին ներկայացող մարդկանց բազմությունն է՝ Երեւանում եւ մարզերում: Եվ այսպես՝ ի՞նչ պատկեր է գծագրվում, երբ հետեւում ես այս նախընտրական «սոցիոլոգիային»: Բնականաբար, իրենց հաստատուն քվեներն ունեն Հանրապետականն ու «Բարգավաճը»: Առաջինը՝ մի քիչ շատ, երկրորդը՝ մի քիչ պակաս: Որքան էլ ոմանք առարկեն, որոշակի քվեների քանակ ունի Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, որը եւս լիքը դահլիճներ ու ունկնդիր բազմություն է հավաքում: Բավականին անսպասելի էին Դաշնակցության հանրահավաքները, որոնք եւս վկայում են կայուն էլեկտորատի գոյության մասին: Իսկ այ, արմատական ընդդիմությունն ակնհայտորեն խնդիրներ ունի: Ընդ որում՝ նկատելիորեն պակասել է Հայ ազգային կոնգրեսի համակիրների քանակը, եւ դա անգամ անզեն աչքով է տեսանելի: Իսկ իր անվան շուրջ այդքան մեծ աղմուկ հանած եւ լրատվական քարկոծումների թիրախ դարձած «Ժառանգությունն» անգամ կարեկցանքի է արժանի. նրանց հանդիպումներին մասնակցող անձանց ծանծաղ շարքերը հինգ տոկոսի հաղթահարման հարցում թերահավատություն են առաջացնում: Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունն ավելի վատ վիճակում է, քան իշխանական ուժերը: Չէ՞ որ իր կյանքից դժգոհ մարդը, բնականաբար, պետք է ձայնը տար ընդդիմությանը: Բայց ընդդիմադիր ուժերի տեւական պասիվությունը եւ միայն նախընտրական շրջանում ակտիվանալը, կարծում ենք, էականորեն վնասեցին նրանց, եւ թափ հավաքելու ժամանակ չմնաց: