Անպատասխան հարցեր

Անպատասխան հարցեր
Արդյո՞ք համոզիչ են հնչում բացատրությունները, թե ինչու է Հայ ազգային կոնգրեսն իշխանական կոալիցիայից առանձնացնում «Բարգավաճ Հայաստանին» եւ իր բոլոր նետերն ուղղում դեպի Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»՝ ընտրողին կոչ անելով ոչ մի ձայն չտալ նրանց: Արդյո՞ք ԲՀԿ-ին առանձնացնելու բավարար պատճառ է վերջինիս, ընդունենք միանգամայն անկեղծ, ցանկությունը արդար ընտրություններ անցկացնելու առումով: Արդյո՞ք դա նշանակում է, որ Կոնգրեսն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում են, որ ԲՀԿ-ն երկրում տիրող, իրենց բնորոշմամբ, աղետալի վիճակի մեջ չունի իր թեկուզ չնչին մասնաբաժինը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Կոնգրեսն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ են անում ընտրել ԲՀԿ-ին: Արդյո՞ք այս խիստ սուբյեկտիվ եւ անհասկանալի մոտեցումից կարելի է ենթադրել, որ Կոնգրեսի համար ընդունելի է նաեւ ԲՀԿ անցած ուղին, խորհրդարանական հինգ տարվա գործունեությունը, նրա ղեկավարի ու անդամների կենսագրությունը, պահվածքը, քաղաքական կողմնորոշումը եւ վերջապես՝ կապերն ու շրջապատը: Եթե Տեր-Պետրոսյանը քննադատում է քոչարյանասերժական իշխանությունը, արդյո՞ք պետք է ենթադրել, որ նա Ծառուկյանին եւ նրա ղեկավարած ուժն առանձնացնում է Ռոբերտ Քոչարյանից եւ իր կուսակցի՝ Արամ Մանուկյանի նման համարում է, որ ԲՀԿ-ի ետեւում Քոչարյանը չի կանգնած: Եվ արդյո՞ք այս վստահությունը պայմանավորված է գիտնականի քաղաքագիտական վերլուծություններով, թե՞ ԲՀԿ-ն եւ իր առաջնորդը նրան հավաստի ապացույցներ են ներկայացրել այդ կապի բացակայության մասին: Արդյո՞ք այս «կոնֆետածաղկային» հարաբերությունները ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ շարունակություն են ունենալու խորհրդարանի պատերի ներսում: Այս հարցերը համարեք որպես շարքային ընտրողի հարցադրումներ: