Տապան կառուցելու ժամանակը

Տապան կառուցելու ժամանակը
ՆԻԿՈԼ, ԻՍԿ ԴՈՒ ԳՆԱ



Ինչպես գիտեք, Սամվել Ալեքսանյանը, պահելով խոսքը, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր հակառակորդ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հաղթանակի խնջույքին: Ուշագրավը, սակայն, ոչ թե հրավերի փաստն է, այլ հրավերի տեքստը` քաղաքական առումով անխոցելի, մարդկային «մոմենտներով»՝ օրինակելի եւ հայերենի մաքրության տեսակետից` նախանձելի: Մի խոսքով` Սամվելը Նիկոլին հրաժարվելու տեղ չի թողել:



ՊԱՈՒԶԱ



Սերժ Սարգսյանը հայտնվել է երկու կրակի արանքում: ԲՀԿ-ի պահանջներն այնքան շատ են, որ չգիտի` ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն է ճիշտը, թե չկազմելը: Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն աչք է տնկել նույնիսկ ԱԽՔ պաշտոնի վրա, եւ դա է պատճառը, որ Արթուր Բաղդասարյանն ուշացնում է հերթական անգամ հայտարարել, որ 2013 թվականին ՕԵԿ-ը սատարելու է գործող նախագահի թեկնածությունը:



ՀԱՎԱՏԱ, ՈՐ ԿՓՈԽԵՄ



Դատելով ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովի արած հայտարարություններից, թե ապագա կոալիցիայի հետ կապված՝ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, կարելի է ասել, որ մեզ դեռ նոր եւ աննախադեպ բաներ են սպասվում: Այս համատեքստում չի կարելի բացառել նույնիսկ ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը, ինչը, նսեմացնելով ՀՀԿ-ի «հաղթանակը», կվսեմացնի Սերժ Սարգսյանին:



ՆԵՐՍՈՒԴՈՒՐՍ



Ժառանգաազատդեմոկրատներն աչքիս «որոշել» են խորհրդարան անցնելու կապակցությամբ հրավառություններ սարքել: Մնացել է լուծեն մեկ-երկու տեխնիկական հարց եւ կրակեն: Մասնավորապես դեռ չեն պարզել, թե դաշնակիցներից ով է ընդհանուր ցուցակի համար ավելի շատ ձայն հավաքել եւ ով իրավունք ունի առավել լավ ներկայացված լինել խորհրդարանում: Արդեն իսկ ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ մեկն ինչ-որ պահի, ինչ-որ տեղում խաբս է տվել` մի խումբ ակտիվ ժառանգականների թողնելով դրսում: Հավանաբար այդ պատճառով էլ «Ժառանգությունը» կողմ է, որ սալյուտը ներսում խփեն: