Ապարատի տակ պառկած երկրում ինչպե՞ս կարող է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն

Ապարատի տակ պառկած երկրում ինչպե՞ս կարող է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն
Որքան էլ ժողովրդի համար կիզակետային լինեն քաղաքական հարցերը, բայց Հայաստանի պայմաններում սոցիալականը խեղդում է յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև ոչ թե լավ ապրելու, այլ քարշ գալու, գոյատևելու խնդիր է դրված:

Այստեղ տեղին է մեջբերել. «Ցավ տամ, ցավդ մոռանաս» ժողովրդական ասացվածքը, որը եւ կիրառում է մեր իշխանությունը: Տարբեր մեկնաբաններ խոսում են քաղաքացիական հասարակություն ձեւավորելու առաջնահերթության մասին, դժգոհում , որ դանդաղում է կազմավորումը, անտեսելով այն հանգամանքը, որ դանդաղումը կապված է սոցիալական հենքի հետ: Անընդհատ խոսվում, գրվում է, որ քաղաքական ուժերը լավ չեն աշխատում, չեն բարձրացնում ժողովրդի ինքնագիտակցությունը… Այդ բոլորին կուզեի հակադրել հետևյալով՝ մեր իշխանությունները «լա՜վ են» աշխատում: Եվ այդ «լավ» աշխատանքի շնորհիվ է, որ դանդաղում է քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Ո՞րն է այդ «լավ» աշխատանքը: Եվրոպական կազմակերպությունները փող շռայլողներ չեն. այն տալիս են՝ ժողովրդավարությունը խթանելու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար: Եվրոպացիները գիտեն, որ աղքատ, մուրացկանությամբ զբաղվող երկրում հնարավոր չէ քաղաքացիական հասարակություն ձեւավորել: Նման երկրներում, երբ երկիրը մնում է աղքատ,  դանակը ոսկորին հասնելու դեպքում, ժողովուրդը հեղափոխություն է անում, որը  ծանր հետևանքների է հասցնում: Ուստի եւ նրանք փորձում են իրենց դրամագլուխներով ոտքի կանգնեցնել երկիրը:



Հայաստանի պարագայում, որքան շատ են տալիս, ժողովրդի վիճակն ավելի է վատթարանում, երկիրն ավելի շատ է կազմալուծվում: Բանը հասել է նրան, որ Հայաստանն ապրում ու գոյատևում է դոնորային արյամբ ու կիսակենդան վիճակում պառկած է ապարատի տակ: Տնտեսություն չկա, հարստահարողները հեշտ ճանապարհ են բռնել՝ բոլորը ներմուծողներ են ու մեր էկոլոգիապես մաքուր բնության տվածն արտահանողներ:  Այդքանը լավ են գիտակցում մեր իշխանությունները եւ ժողովրդին պահում են տնտեսական աքցաններում, սոցիալական այնպիսի ցավ են պատճառում, որ քաղաքական ցավը, քաղաքացի լինելը մոռանան: Հենց սա է պատճառներից կարեւորագույնը, որ Հայաստանում դանդաղում է քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Մեղադրել մարդկանց՝ քաղաքական պասիվության համար նույնն է, երբ տասնօրյա քաղցած մարդու ուշադրությունը փորձես կենտրոնացնել որեւէ հետաքրքիր ֆիլմի վրա: :



Ապարատի տակ պառկած երկրում ինչպե՞ս կարող է ձևավորվել քաղաքացիական հասարակություն: Խորհրդարանական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ աղքատ, կոռումպացված երկրում քաղաքացիական հասարակություն են փորձում ձեւավորել անձնուրաց, պայծառ գլուխները, որոնք ինչ որ կետում հանդիպում են անհաղթահարելի պատի ու… չեն ուզում՝ Սեւակի խոսքերով, ջարդել մի լավ

գլուխ: Ետ են կանգնում, ժողովրդի բառերով՝ «ծախվում», մի կողմ քաշվում… Հոտն առանց հովվի ի՞նչ կարող է անել… Դա առաջին հերթին պետք է սթափեցնի իշխանությանը եւ ստիպի՝ արագացնելու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, որպեսզի ժողովրդի պայքարն ընդունի քաղաքակիրթ ձեւ… Վերջ տալ տնտեսական ու քաղաքական ճնշման մեխանիզմների գործադրմանը ու իշխանությունը արհեստականորեն պահել- երկարաձգելու թակարդային սարդոստայնի հյուսմանը: