Մեր քաղաքը. Լորա

Մեր քաղաքը. Լորա
Մինչ մտքիս մեջ անիծում եմ ամեն ակնթարթ աշխարհի ներդաշնակությունը վնասող մարդկության ծնունդը, նա ժպտում է մեղմ, բարի աչքերով, եւ ամեն ինչ խաղաղվում է, եւ ամեն ինչ կասկածելի է թվում, ջղայնությունս փոքրանում է ցողի չափ, ամեն ինչ հառնում է՝ ինչպես առանց ալիքի բաբախող ծովին նայելիս, որ երբեք չի տեսնում քեզ, բայց գիտի քո մասին ու սիրում է:



Կյանքը հայտարարում է իր մահը, երբ ատում ես մարդուն ու հպարտանում ատելությամբ, իսկ ԼՈՐԱՆ նուրբ դիմախաղ ունի, եղունգներին՝ գեղեցիկ լաք, եւ մատները հրեշտակի թեւաբախումի փափկությամբ կծկվում են ու բացվում՝  ամբողջացնելով հնչած խոսքը: Մենք զրուցում ենք, ժպտում, զրուցում: Հանկարծ Լորան ասում է, որ կուզեր օվկիանոսին մոտ լինել, լսել նրա դղրդյունը: Ահա հիվանդասենյակի պատուհանից թռչում է երկինքը, եւ ազատությունն այնքան մոտ է պատուհանին, որ Լորան կարող է մատներով շոյել նրա ուսը: Միջանցքից ցավի ու հառաչանքների ձայներ են լսվում: Բան չկա,- հանգստացնում է մեզ Լորան:



Հասուկը բաժանում է վարդերը: Հիմա սենյակում երկու ծաղկաման կա, երկու գեղեցկություն, որ բոլորից հետո ու բոլորից առաջ կողջունեն Լորայի լուսաբացը: Նրա բարձի վրա գիրք է դրված՝ Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»: Ասում է, որ վեպի մթնոլորտը նման է հիվանդանոցային այս բաժանմունքի կյանքին, բայց հիմա նրան ավելի հարազատ է ճապոնական գրականությունը: Եվ գրականության հրաշալի իմացությունն ու փառաբանումը լայնացնում են մեր ժպիտները: Մանկությունից դրվագներ եւ դրվագներ հայրիկից ու մայրիկից: Հիշողություններ տան, Օդեսա քաղաքի, խոլերայից չվախենալու մասին, որ հիմա լոկ պատկերացումներ են՝ առանց միս ու արյան:



Բայց պատկերացումներն ավելի իրական են թվում, քան այն, ինչը դառնալու է պատկերացում: Փոքրիկ աղջիկը գնում է դաշնամուրի դասընթացների, եւ մայրը դժգոհում է գնահատականներից: Ոչինչ չի փոխվել՝ ճանապարհ, պարապմունքներ, մայրիկի դժգոհություն: Ձայներ ու գծեր: Բոլորը մնացել են, պահպանվել մի տեղ՝ աշխարհի ավարտի ու վերստեղծման ակնթարթին սպասելով: Մենք հեռանում ենք պատմության մեջ, հետո փոխում ժամանակաձեւը, վերադառնում ենք հիվանդասենյակ, որտեղ հնչում է ծիծաղը, եւ Լորայի շնորհիվ կյանքը թվում է հրճվանքի հավերժական մի դասաժամ: Նա դասավանդում է տարիներ շարունակ: Սերունդներ կրթողը աշակերտի սիրելին է: Ես նախանձում եմ Լորայի բոլոր աշակերտներին, ուզում եմ ինքս պարապել նրա մոտ, վերելակից չվախենալով՝ բարձրանալ բնակարան, լսել նրա ազնվական տեմբրը, գովեստի ու նախատինքի հնչյունները, սիրել ու կարոտած գազանիկի պես հիվանդանոց գալ՝ տեսակցության. գալ ու տեւել:



Հրաժեշտ ենք տալիս միմյանց: Ասես կյանքը հենց նոր է սկսվել. սկիզբ է առել «մարդկայնություն» անունով Լորա լեգենդից: