Ճամփորդություն դեպի Վան

Ճամփորդություն դեպի Վան
Մաս երկրորդ: Առաջին մասը կարդացեք այստեղ:



 ԱՐԱՐԱՏՆ ԻՐ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ  ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՎ 



Մոտենում ենք Իգդիրին, Երեւանը մոտ 40-50 կմ հեռավորության վրա է, բջջայիններով տնեցիքի, ընկերների հետ խոսում ենք այնպես, կարծես, ասենք, Արտաշատում կամ Արմավիրում լինենք: Ուրեմն մոտ 550 կմ էր պետք կտրել-անցնել, որ հասնեինք Երեւանից 50 կմ հեռավորության վրա: Մեծ քաղաքականության «դժվարամարս» հետեւանքները...



Արարատը կողքից է` մեզ համար բոլորովին անծանոթ անկյունից, իսկ Սիսն էլ, բնականաբար, «թաքնվել» է նրա ետեւում եւ չի երեւում:  Հաջորդ կանգառը Դոքյուբայազետն է (նույն մեր պատմական Բայազետը` թուրքական անվանային ինտերպրետացիայով...), որտեղից արդեն Արարատը 180 աստիճան շրջված է մեզ կանգնած, մի տեսակ` նեղացած: Իսկ արտաքուստ էլ իր «նոր տեսքով» Ֆուձիյաման է հիշեցնում, միայն թե Ֆուձիյամային ճապոնացիք որ կողմից էլ որ նայեն` իրենցն է: Այս կետից այնքան մոտ է թվում Արարատի գագաթը, կարծես մի քանի ժամում կբարձրանաս: Իրականում Արարատ հնարավոր է մագլցել լավագույն դեպքում 2-2,5 օրում, այն էլ` եթե բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, ինչի մասին տեղեկացանք մեզ հետ Ախթամար ուղեւորվող ավստրիացի ալպինիստներից:



Ախթամար ուղեւորվելու ամենահարմար տարբերակը պատմական Սվաս (թուրքերի «թեթեւ» ձեռքով «Գեւաս» վերանվանված) քաղաքից է. այստեղից զբոսաշրջիկներին նավով կես ժամում կղզի են հասցնում: Պետք է սպասես, մինչեւ «պասաժիր հավաքվի»` ոնց որ մեր երթուղայինների դեպքում է: Իսկ մինչ այդ կարելի է վանա տառեխ համտեսել` կորցրած հայրենիքի եւս մեկ խորհրդանիշ: Վերջապես «պասաժիրը», տվյալ դեպքում վերոհիշյալ ավստրիացիների խումբը, պատրաստ է, եւ ճանապարհ ենք ընկնում: Ինսբրուկից են` չնաշխարհիկ Տիրոլի կենտրոնից, եւ ալպինիզմի հմտություններն էլ Արարատի գրեթե կես բարձրությունն ունեցող տիրոլյան սարերում են ձեռք բերել:



Ժամանել են Ստամբուլ, այնտեղից` Դոքյուբայազետ, որտեղ ալպինիստների համար հատուկ ստորին ճամբարն է տեղակայված, եւ իրականացրել իրենց բաղձանքը: Գիտեին, որ սա պատմական Արեւմտյան Հայաստանն է, տեղյակ էին 1915 թ. դեպքերից, սակայն ասում էին, որ դա ուղղակի հանգամանքների բերումով է, որ իրենք անձամբ տեղյակ են, իսկ Ավստրիայում այնքան էլ ծանոթ չեն մեր պատմական անցուդարձին: Երեւի թե այդպես էլ պետք է լինի. որտեղի՞ց է երեւում, որ ամենուր բոլորը պետք է մեր պատմությամբ ցավեն ու տեղեկացված լինեն: Աշխարհում այնքան բան է կատարվում: Հայերս շա՞տ ենք ձգտում խորանալ ուրիշների սրտացավության մեջ: Համաձայնենք` մենք, օրինակ, իմացա՞նք, թե տարիներ առաջ ինչ բերեցին աֆրիկյան թութսիների գլխին:



Այնպես որ, բարեկեցիկ ավստրիացիների անտեղյակության հանդեպ կարելի է լիովին ներողամիտ լինել:  Ինչ վերաբերում է Արարատին, ասացին, որ այդ սարը նրանց համար ուղղակի բիբլիական խորհրդանիշ է, եւ այնքան էլ չեն հետաքրքրվել, թե ներկա պահին որ երկրի տարածքում է գտնվում: Մեզ էլ խորհուրդ տվեցին անվերջ չապրել կորստի ցավով եւ զմայլվել Արարատով այնպես, ինչպես այն կա: Հեշտ է կողքից խորհուրդ տալը...



Ասացին նաեւ, որ որոշակի տեղերով շատ դժվար է եղել մինչեւ գագաթ մագլցելը, անգամ ուղեկցորդի առկայության պայմաններում, իսկ գագաթից որքան էլ հայացքով փնտրեցին Երեւանը, չգտան: Անբացատրելի անհակադարձելիություն. իսկ ինչպե՜ս է Արարատը երեւում Երեւանից...



Նավից Ախթամարը հիասքանչ է երեւում. մոտենալու հետ ավելի հստակ է ուրվագծվում երկու ժայռերի արանքից բացվող Սուրբ խաչը: Կղզու վրա, եկեղեցու մերձակայքում եւ ներսում բավական քանակով զբոսաշրջիկներ կան` ամենատարբեր լեզուներով խոսող, անխոս հմայվող անզուգական ճարտարապետությամբ, որմնանկարներով եւ զարդաքանդակներով: Իսկ զբոսաշրջիկների շրջանում հայկական «մենաշնորհ» չկա: Դա, սակայն, չի խանգարում թուրք (կամ քուրդ, որտեղի՞ց ստուգես) ոստիկանին միանգամից ի հայտ բերել մեր ծագումները եւ հայերենով ծռմռված «բարի գալուստ» ասելով՝ հայերիս առաջարկել արդեն մի քանի անգամ օգտագործված մոմեր, բնականաբար` «վերադիրով». բա էդքան չարչարվել-գտել է, համ էլ ուրիշ ինչի՞ վրա փող աշխատի, եթե ոչ կորցրած հայրենիքի զգացումների, առավել եւս, որ եկեղեցում ուրիշ ոչ մի սպասավոր չկա:  Մի խոսքով` Ախթամար կղզում մոմի բիզնեսը լավ հիմքերի վրա է դրված:



 Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ