Ճամփորդություն դեպի Վան (մաս երրորդ)

Ճամփորդություն դեպի Վան (մաս երրորդ)
Մաս առաջին:



Մաս երկրորդ: 



ԴՈՒՔ ՄԵԶ Ի՞ՆՉ ՔԱՐԴԱՇ



Վան քաղաքի մերձափնյա շրջանը զբոսաշրջության կենտրոն դառնալու միտումներ է դրսեւորում: Իհարկե, «սերվիս» կոչվածը հեռու է բավարար լինելուց եւ Թուրքիայի մյուս` առավել հայտնի վայրերի հետ համեմատվելուց: Ի վերջո, ո՞նց մոռանանք, որ տեղաբնակները հիմնականում քրդեր են, որոնք, մեղմ ասած, զբոսաշրջության ինդուստրիայում աշխարհի առաջատարներից չեն: Լավ գիտեն միայն մի բան՝ մեզ տեսնելիս ու ազգությունը պարզելիս շտապել հերթապահ «քարդաշն» ասել: Դե, իհարկե, առաջնորդվում են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Բայց ախր դուք մեզ ի՞նչ քարդաշ, է: Ամենուր լսվող այդ «քարդաշի» տակ այնքան է թաքնված շինծու բարիդրացիությունը...



Վանա լիճն էլ բավական հակասական զգացումներ է թողնում: Եթե համեմատելու լինենք իր կրտսեր քրոջ` Սեւանի հետ, միանգամից բազմաթիվ ընդհանրություն ու հակադրություն կգտնենք: Մի կողմից նույն բնությունն է` լերկ սարեր, անհրապույր բնություն: Ծովի մակերեւույթից բարձրությամբ էլ գրեթե մոտ է Սեւանին. եթե Սեւանը մոտ 1900 մետր է բարձր, ապա Վանը՝ 1670, միայն թե, ի տարբերություն Սեւանի, որի հայելու բարձրությունը 1950-ականների կոմունիստական գաղափարախոսության արդյունքում դարձավ փոփոխական եւ դեռ հիմա էլ դրա հետեւանքներն է «իր ուսերին կրում», Վանը նման փորձությունների չի ենթարկվել: Համ էլ ինչո՞ւ ենթարկվեր, երբ Սեւանի պես քաղցրահամ ջուր չունի (այստեղ ջուրը մի տեսակ դառնահամ է եւ բավական տհաճ լողալու համար) եւ երբեք չի ծառայել ոռոգման ու հիդրոէներգետիկ նպատակների համար:



1915-ին Վանի ինքնապաշտպանությունն ապահոված քաղաքի բերդն այսօր զբոսաշրջության հարմար վայր է` տեղաբնակների համար փող աշխատելու լավ միջոց: Կենտրոնական մուտքի հենց դիմաց մեծ ցուցանակ է` «Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոն». ճակատագրի ծա՞ղր, թե՞ թուրքական խորամանկության հերթական դրսեւորում: Ինչ վերաբերում է բուն Վան քաղաքին, ապա եթե կան այնպիսիները, ովքեր ցանկանում են իրենց հիշողության մեջ թարմացնել 1989-ի հետերկրաշարժյան Լենինականի պատկերները, կարող են Վան այցելել: Առանց այն էլ անշուք, իր պատմական կերպից լիովին զրկված, հայկականության ոչ մի տարր այսօր չպարունակող Վանը կիսավեր վիճակում է, իսկ որոշ շրջաններ էլ մեծ շինհրապարակ են հիշեցնում:



Ի տարբերություն Վանի, որտեղ ընդհանրապես հայկական որեւէ բան չէր մնացել, Ղարսում շատ էին հայկական երկհարկանի շինությունները` որպես օրենք, լքված ու կիսաշեն: Ղարսի բերդի տակ կանգնած՝ ակամայից հիշում ես նրա մասին մշտապես արտաբերվող «անառիկ բերդ» արտահայտությունը: Ու նորից մտաբերում ես «ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, եթե չլինեն...»: Միայն թե Ղարսի դեպքում ոչ թե կինն ու գինին են եղել, այլ՝ դավաճանությունը, իսկ ավելի վերլուծորեն ասած` մեծ քաղաքական խաղերը, որոնց շրջանակում մենք` հայերս, ինչպես միշտ, անզոր ու անօգնական ենք եղել:



Ղարսի բերդի դիմաց հայկական եկեղեցին է` կիսավեր գմբեթով եւ, իհարկե, առանց խաչի: Երկու կողմերից նրան «սեղմում» են նորաշեն շքեղ մզկիթները: Չի բացառված, որ մի գեղեցիկ օր էլ որոշեն, որ հայկական եկեղեցին չի համապատասխանում ընդհանուր տեսարանի հետ, ու գլխին մի բան բերեն: Մեզ ասել էին, որ Ղարսը վերաբնակեցվել է ադրբեջանցի փախստականներով (գտել էին ամենահարմար տեղը նրանցով վերաբնակեցնելու` ո՜նց նորից ու նորից չհիշես թուրքական դիվանագիտական խորամանկությունները), եւ հակահայկական տրամադրությունների կարելի է ականատես լինել ամեն քայլափոխի, այնպես որ, որոշեցինք քաղաքում քիչ շրջել ու չշփվել ոչ մեկի հետ:



Ղարսից 40 կմ հեռավորության վրա Անին է, ավելի ճիշտ` հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիի ավերակները: Այնտեղ տանող երկրորդական նշանակության ճանապարհն էլ այնքան բարվոք էր, որ մեր Երեւան-Գյումրի մայրուղին նրա մոտ գյուղական ճամփա է: Անիի մուտքի մոտ` վեհաշունչ պարիսպների մի անկյունում մանրամասն ցուցանակ է Անիի ստեղծման, պատմության մասին: Նշված են պատմական անցուդարձները, դինաստիաները, որ իշխել են քաղաքում, եւ, բնականաբար, ոչ մի խոսք հայերի, հայկական ծագման, Հայաստանի մասին: Թուրքական հերթական խորաթափանցություն...



«Սերվիս» ասածն էլ դեռ սահմանափակվում է երկու ոստիկանով, որոնցից մեկը մուտքի մոտ տոմսեր է վաճառում, մյուսը ելքի մոտ ստուգում դրանց առկայությունը: Եվ վերջ, ոչ մի էքսկուրսավար, որ հանկարծ բերանից ավելորդ բան չթռցնի...



 Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ



ՀԳ. Լուսանկարում Ղարսի բերդն է: