Սիրում եմ աշխատածս վայելել, իսկ ի՞նչ վայելք առանց սիրելի մարդկանց

Սիրում եմ աշխատածս վայելել, իսկ ի՞նչ վայելք առանց սիրելի մարդկանց
Երեւանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանն իր ընտանիքի հետ միասին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Թե որն էր դերասանի՝ Հայաստանից հեռանալու պատճառը, եւ ինչ գործունեություն է այժմ ծավալում Ամերիկայում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապվեցինք նրա հետ եւ մի քանի հարց ուղղեցինք: 



- Պարոն Բաբախանյան, մի քանի տարի է՝ արդեն ընտանիքով բնակվում եք ԱՄՆ-ում, ո՞րն էր Հայաստանից հեռանալու պատճառը: Հայրենիքում չգնահատված լինելու խնդի՞ր ունեիք:



- Աշխատանքային հրավեր ստացա ու եկա Նյու Յորք, որտեղ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նշանակված էր առաջին համերգս: Նյու Յորքում 6 ամիս ապրելուց եւ 7 համերգ ու 2 ներկայացում խաղալուց հետո ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Լոս Անջելես: Այստեղ ես ունեմ հոլիվուդյան գործակալ, որն ինձ ներկայացնում է որպես դերասան եւ երգիչ. 4 մենահամերգ եմ երգել, արդեն մի քանի ներկայացում խաղացել եմ «Լունա» թատրոնում, կնոջս՝ Մարիի հետ միասին խաղացել ենք «Stars Palace» թատրոնում եւ այդ նույն ներկայացմամբ «Շանթ» թատրոնի բացումն ենք արել: Ի դեպ, «Շանթն» առաջին հայկական թատրոնն է Լոս Անջելեսում:



Քայլերս կինոյում դանդաղ են ընթանում, բայց հաստատուն, իսկ երգը ամենամեծ կապն է ստեղծում իմ եւ ամերիկացի հանդիսատեսի միջեւ: Երգում եմ 5 տարբեր լեզուներով եւ հաճախ եմ մասնակցում տարբեր համերգների: Ինչ վերաբերում է չգնահատված լինելուն, ապա, բարեբախտաբար, երբեւէ չգնահատված լինելու խնդիր չեմ ունեցել` ոչ երկրիս, ոչ ազգիս, ոչ կինոյի, հեռուստատեսության, ոչ թատրոնիս ու կոլեգաներիս կողմից… ասածս հիմնավորելու համար ասեմ, որ ես Հայաստանի վաստակավոր արտիստ եմ, «Արտավազդ» մրցանակակիր, «Արմոնո» թատերական փառատոնի երկակի մրցանակակիր, մասնակցել եմ մի շարք միջազգային կինո եւ թատերական փառատոնների, աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել եմ Հայաստանը եւ վերադարձել բարձր մրցանակներով, եւ այս ամենի հետ այն սերն ու բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում եմ իմ ընկերների ու կոլեգաների կողմից, այդ առումով, փառք Աստծո՝ գնահատված եմ ու սիրված:



- Գաղտնիք չէ, որ Հայաստանում դերասանները քիչ են վաստակում, ԱՄՆ-ում ֆինանսապես ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու հանգամանքն ինչքանո՞վ ազդեց Ձեր որոշման վրա:



- Իհարկե, վճարման եւ չափը, եւ ձեւը տարբեր են, բայց այստեղ էլ կան բարձր պետական տուրքեր, որոնք չես կարող շրջանցել…, ես Հայաստանում էլ կարողացել եմ աշխատել, վաստակել եւ նորմալ ապրել:



- Ամերիկան ինչքանո՞վ է հյուրընկալ եւ ի՞նչ հնարավորություններ է տալիս դերասանին իր ստեղծագործական ներուժը դրսեւորելու համար:



- Ամերիկան նման է մեծ հայելու, որի մեջ կարողանում ես տեսնել քո իրական ստեղծագործական չափերն ու համեմատական անցկացնել աշխարհի պահանջների եւ քո հնարավորությունների միջեւ:



- Կխնդրեի մի քանի օրինակով նշեիք, թե ինչ տարբերություններ կան հայաստանյան եւ ամերիկյան թատրոնների, թատերախմբերի միջեւ: Հայ դերասաններն ու թատրոնները շա՞տ են հետ ընկնում այն ամենից, ինչ կատարվում է աշխարհում:



- Ամենամեծ տարբերությունն այն է, որ այստեղ պայմանագիր է կնքվում կոնկրետ ներկայացման համար, հետո հատուկ «քաստինգի» միջոցով ընտրվում է դերասանական կազմ, ներկայացումն աշխատում է մինչեւ այդ պրոյեկտի ավարտը, օրինակ, 20 ներկայացում՝ 2 ամսվա ընթացքում, եւ հետո բոլորն ազատ են: Իսկ Հայաստանում խաղացանկային թատրոններ են, որտեղ դերասանը հիմնական աշխատակազմում է: Պետք է ասեմ, որ մեր թատերական կրթությունը ճիշտ համաշխարհային պահանջներին համապատասխան է: Մեր թատերական դպրոցը շատ բարձր է, եւ մենք կարող ենք աշխարհին ներկայանալ հայ թատերարվեստով: Սա, իհարկե, արդյունքն է այն լուսեղեն հանճարների, որոնք ստեղծել, պահպանել ու մեզ են փոխանցել թատրոն ասվածը:



- Ի՞նչ կասեք ամերիկյան հանդիսատեսի մասին, այդտեղ է՞լ է պահանջարկը ձեւավորում առաջարկ: Ընդունված է կարծել, որ բարեկեցիկ կյանքով ապրող ամերիկացի հանդիսատեսը միայն կոմեդիա սիրող ժողովուրդ է, այդպե՞ս է:



- Այստեղ հանդիսատեսը շատ տարբեր է, որովհետեւ երկիրն է հսկա: Պարզապես դու, որպես արտիստ, պետք է հասկանաս, թե ով ես եւ ինչ ես ուզում ասել, հանդիսատեսի որ շերտի համար է քո ասելիքը, եւ ում հետ ես ուզում կիսվել, անկեղծանալ, արտասվել, ծիծաղել՝ պահելով քո բեմական չափն ու կրթությունը: Իսկ լավ կոմեդիաների պահանջարկ կա ամբողջ աշխարհում, որովհետեւ դեպրեսիան ու լարումը հաղթահարելու լավագույն մեթոդներից մեկն առողջ ծիծաղն է:



- Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանում կատարվող հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին, հետեւո՞ւմ եք հայրենիքում կատարվող զարգացումներին:



- Անշուշտ, հետեւում եմ մշակութային անցուդարձին. «Ոսկե ծիրան», «Արմոնո», «Արտավազդ»… եւ շատ ուզում եմ, որ մենք առաջնորդվենք մշակութային քաղաքականությամբ: Ուզում եմ, որ իմ փոքրիկ, բայց հզոր Հայաստանը աշխարհին ներկայանա իր հրաշք պատմական անցյալով, իր բարձր քրիստոնեական գիտակցված բարությամբ, ազգային մշակույթով ու արվեստով:



- Հայաստան ե՞րբ եք վերադառնալու, առաջիկայում հայ հանդիսատեսը կտեսնի՞ Ձեզ նորից երեւանյան բեմում:  



- Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ իմ բնակության հարցը կախված է իմ աշխատանքային ծրագրերից: Ես սիրում եմ աշխատածս վայելել, իսկ ի՞նչ վայելք առանց սիրելի մարդկանց: Դա է պատճառը որ կինս ու 3 երեխաներս միշտ կողքիս են: Հետո, Մարիի ու երեխաներիս հետ միասին Հայաստան շատ հաճախ եմ գալիս: Վերջին անգամ ապրիլ ամսին էինք այդտեղ: Հաջորդ այցս կփորձեմ լրացնել նաեւ համերգ-ներկայացմամբ, որպեսզի ներկայանամ իմ հանդիսատեսին, այն բարձրաճաշակ մարդկանց, որոնցով ես դաստիարակվել եմ եւ որոնց ծափերով կայացել եմ: