Պահանջում են հեռացնել

Պահանջում են հեռացնել
Մի խումբ մտահոգ մարդիկ՝ պատմաբաններ, արվեստագետներ, գրողներ, բանասերներ, ովքեր անհանգստացած են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն լեզվով գրված ատենախոսությամբ եւ առհասարակ նրա գործունեությամբ, նախաձեռնել էին հավաք «Կենաց ծառ» մշակութային կենտրոնում: Նպատակն էր քննարկել Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները:Հավաքին, որպես բանախոս, հրավիրված էր գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, հենց նա էլ ներկայացրել է լեզվական եւ գաղափարական խեղաթյուրումները. «Ներկաները նախապես ծանոթ էին կայքերում հրապարակված այդ թեմայով քննարկումներին, ես էլ մանրամասն ներկայացրեցի խնդիր, եւ ավելի տեղեկացան, թե ինչն ինչոց է»:



Քննարկումն ուղեկցվել է ներկաների ելույթներով, կարծիքների փոխանակման ու առաջարկությունների արդյունքում որոշում են կայացրել բաց նամակ հղել ԳԱ ակադեմիայի ղեկավարությանը: «Բաց նամակով պահանջում ենք ցինիզմի եւ այլանդակությունների, ինչպես նաեւ դիսերտացիայում տեղ գտած քաղաքական լուրջ խեղաթյուրումների, խայտառակ ուղղորդումների համար Դեմոյանին հեռացնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից»,- ասում է Մուշեղյանը:



Բաց նամակի տեքստը կազմել եւ ստորագրել են քննարկմանը ներկա մի խումբ մտավորականներ, ովքեր մտահոգ են ու անհանգստացած Հայկ Դեմոյանի գործունեությամբ:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



Հայկ Դեմոյանի ատենախոսության ֆեյսբուքյան քննարկումների մասին կարդացեք՝ այստեղ: