«ՏԻՄ-2012». Թռիչներ եւ անկումը

«ՏԻՄ-2012». Թռիչներ եւ անկումը
Կիրակի, սեպտեմբերի 9-ին, Հայաստանի մոտ 500 համայնքներ՝ Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք, ընտրում էին իրենց ղեկավարներին, որոնց «ձեռքի տակ» ապրելու են առաջիկա 3 տարիներին: Այդ օրը, իշխանական թեկնածուների հաջողության իմաստով, կանխատեսելի էր, եւ համայնքների մեծ մասում ձայների հաշվարկը ՀՀԿ-ի հիմնական թեկնածուների օգտին էր: Իրողությունն այս կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որքան էլ զարմանալի է, գնահատեց որպես ժողովրդավարության առաջընթաց, իսկ ՀՀԿ-ին էլ՝ որպես «ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկը» ՀՀ-ում: Ժողովրդավարական գործընթացների իմաստով առաջին տեղում էր Գյումրին, որն իշխանական ուժերի միացյալ թեկնածու Սամվել Բալասանյանի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտեց նախ «Փալասանյան» եւ «Դդմի ծաղիկ» մականուններով, ապա՝ ընտրությանն իր «չմասնակցությամբ»: Պաշտոնական տվյալով, այստեղ ընտրողների 36.4 տոկոսն է քվեարկել, սակայն գյումրեցիները համարում են, որ իրական թիվն ավելի ցածր է եւ մոտենում է 18 տոկոսին, որը եւ հայտարարվել է սկզբում, ապա, ըստ տարածված կարծիքների, օրվա վերջում ուռճացվել: Գյումրեցիների «չմասնակցության» մի քանի պատճառ է բերվում. նախ այն, որ Բալասանյանն այնքան էլ սիրված չէ «հայրաքաղաքում», ապա Վարդան Ղուկասյանին եւ նրա ազգականներին ու բարեկամներին ոստիկանական ուժով քաղաքից դուրս հանելը եւ, վերջապես, ՀՀԿ-ի աջակցությունը Բալասանյանին:



Այս փաստարկները բերվում են հետընտրական քննարկումներում: Գյումրեցի ընտրողները Սերժ Սարգսյանի այցը Գյումրի ի պաշտպանություն Բալասանյանի գնահատել են որպես «մատ թափ տալ», իսկ իրենց ցածր մասնակցությունն ընտրություններին՝ որպես «երեք մատի կոմբինացիա» ՀՀԿ-ին: Ինչեւէ, լուրեր են տարածվում, որ Գյումրիում Բալասանյանը խայտառակվեց, եւ Սերժ Սարգսյանը եւս դժգոհ է նրա «հաղթանակից»: Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, ընտրությունները դիտարկող Հելսինկյան ասամբլեայի տեղական գրասենյակը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել եւ հայտարարություններ տարածել ստվարաթղթե քվեախցիկների, դրոշմակնիքի անհետացող թանաքի, միկրոավտոբուսներով տեղափոխվող քաղաքացիների մասին: Սակայն թե այս խախտումները, թե ընտրության արդյունքն ավելի քան կանխատեսելի էին:



Մայիսյան ընտրությունների սցենարը, որը մարդիկ ակնկալում էին նաեւ ՏԻՄ ընտրություններում՝ գուշակություններ անելով հօգուտ «նոր ուժ», անկուսակցական փաստաբան Կարեն Թումանյանի, այս անգամ չաշխատեց: Վանաձորում 5-րդ անգամ «անցավ» ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը՝ 21 հազարն ընդդեմ 4 հազարի համամասնությամբ: ՀՀԿ թեկնածուին «անցկացնելու» գործին վերջին մի քանի օրը լծվել էր Վանաձորի վարչական ռեսուրսը, ինչը եւ, Կարեն Թումանյանի կարծիքով, վճռորոշ եղավ: Այնուամենայնիվ, Կարեն Թումանյանը շնորհավորեց իր հակառակորդին: Հարցին, թե ինչով էր բացատրվում Դարբինյանի հաղթանակը թարմության ծարավ Վանաձորում, նա պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու: Ես էլ էի կանխատեսել, որ կհաղթեմ: Ինչ վերաբերում է խախտումներին, անկեղծ ասած, ես տեղյակ եմ, բայց չեմ բողոքարկելու՝ հաշվի առնելով, որ եթե կան հաղորդումներ խախտումների մասին, ուրեմն իրավապահներն իրենց գործը պետք է անեն»: Իսկ բլոգերներից մեկն այսպես էր «ուրախացել» Դարբինյանի հաղթանակի առիթով. «Ուռռա, Վանաձորը կշարունակի ծաղկել: Կշատանան քաղաքապետի օբյեկտներն ու նրա մերձավոր շրջապատի ջիպերը»:



Հեղափոխության շունչը Վանաձորից տեղափոխվեց  Լոռու մարզի մյուս երկու համայնքներ՝ Լեռնապատ եւ Շնող: Լեռնապատցիները տապալեցին իրենց 12 տարվա գյուղապետ, բանասիրության դոկտոր Վանո Եղիազարյանին: 10 ձայնով նա պարտվեց Սարիբեկ Աբազյանին, որի մասին ասում են, որ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի մտերիմն է: Շնողում էլ տապալեցին Հենրիկ Քոչինյանի եղբորը՝ 16 տարվա գյուղապետ Հայկազ Քոչինյանին, նախընտրելով անտառտնտեսության չինովնիկ, 66 տարեկան Հովիկ Սահակյանին: Շնողում կարծիք կա, որ գյուղացիներն ուղղակի հոգնել էին Քոչինյանի կայսրությունից, եւ ով էլ առաջադրվեր նրա դեմ, միեւնույն է, ընտրելու էին: Ոչ բաժանված գումարը, ոչ վարչական ռեսուրսն այստեղ դեր չեն խաղացել: Մանավանդ, որ Հայկազ Քոչինյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ ոչ սթափ վիճակում դուրս էր եկել գյուղամեջ եւ բարձրաձայն «քֆուր դրել» իրեն «չընտրողների» վրա, ինչը գյուղացիները նկարահանել են: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն բավականին պասիվ գտնվեց ՀՀԿ-ական Հայկազ Քոչինյանին սատարելու հարցում: Ցավոք, չընտրվեց նաեւ Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը:



Իշխող կուսակցության անտարբերությունը որոշ համայնքապետերի նկատմամբ, ինչպես նաեւ անկուսակցականների ակտիվությունը՝ 289 անկուսակցական թեկնածու է առաջադրվել, ՏԻՄ-2012-ի առանձնահատկություններից են: Այն հստակ ուրվագծվեց նաեւ Մեղրիում: Անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը մոտ 200 ձայնով առաջ է ընկել ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանից, որը «մշտական ունեցող» քաղաքապետերից էր: Ընտրություններից առաջ նա ինքնավստահ հայտարարություն էր արել, որ 5 հազար բնակչություն ունեցող Մեղրիում այս անգամ էլ «միանշանակ ինքն է ընտրվելու»: Բայց այստեղ դեր խաղաց քաղաքացիների դժգոհությունն իրենց քաղաքից եւ Մեղրին հարեւան Ագարակի հետ համեմատելու նրանց սովորությունը: Իսկ վերջին տարիներին համեմատությունները հօգուտ Ագարակի էին, որն իր զարգացմամբ առաջ է ընկել Մեղրիից: ՀՀԿ-ն արտասովոր վարք դրսեւորեց նաեւ Արթիկում: Գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը պարտվեց իր կուսակից ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին: Թեեւ ԲՀԿ-ն հայտարարում էր, թե այլ կուսակցությունների անդամներին չի սատարելու, սակայն ակնհայտ է, որ Աբրահամյանին ԲՀԿ-ն օգնեց տապալել Վարագյանին: Անցյալ ընտրություններում էլ Վարագյանի եղբորը՝ Մխիթար Վարագյանին հաղթեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Չնայած գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ Վարագյանների ընտանիքի մեջքին էր կանգնած:



Այսպիսով, կարելի է ասել, որ Արթիկն անցավ Պետոյանի ազդեցության տակ: Մասիսում, սակայն, ԲՀԿ-ին չհաջողվեց իր թեկնածուին անցկացնել, եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը հաղթեց «բարգավաճ» Կարապետ Օհանյանին: Ինչեւէ, ԲՀԿ-ն մասնակցության առումով ՏԻՄ-2012-ում իր 48 թեկնածուներով երկրորդն էր, ինչը, այնուամենայնիվ, շատ քիչ է ՀՀԿ-ի 342 թեկնածուների համեմատ: Երրորդը ՀՅԴ-ն է՝ իր 20 թեկնածուով, որոնց պաշտպանում են նաեւ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, ապա ՕԵԿ-ը՝ իր 12 թեկնածուով: Ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը պասիվության դափնեկիրներն են: ՀԱԿ-ը, փաստորեն, ուղղակի զրկեց իր հետեւորդներին իրենց թեկնածուները, հետեւապես՝ երազած համայնքներն ունենալու հնարավորությունից: Սպասենք ՏԻՄ հաջորդ փուլին՝ սեպտեմբերի 23-ին: