Թանգարանը չի օգնի, որ մենք Կոմիտաս լսենք

Թանգարանը չի օգնի, որ մենք Կոմիտաս լսենք
Եթե մի քանի օր առաջ Կոմիտասի այգում նախատեսվող Կոմիտասի թանգարանի կառուցման մեկնարկն ուրախության մեծ ալիք առաջացրեց, ապա կարճ ժամանակում դրան հաջորդեց ընդդիմախոսների բարձրացրած աղմուկը, մասնավորապես, երեկ, «Հայելի» ակումբում, կառուցվելիք թանգարանի շուրջ բանավիճում էին բնապահպան Սիլվա Ադամյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանը եւ ճարտարապետ Արբակ Վարդանյանը:



«Ակնհայտ է, որ այս անգամ էլ այգուց մի պատառ պոկելով՝ շահարկվում է Կոմիտասի անունը, բայց շենքի պակասը չէ, որ Հայաստանում կոմիտասագիտությունը չի զարգանում, մենք օր օրի հեռանում ենք Կոմիտասից, չենք կարողանում ընկալել Կոմիտաս, եւ դա կապված չէ շենքի հետ, իսկ թանգարանը չի օգնի, որ մենք Կոմիտաս լսենք: Այս ամբողջ տարիների ընթացքում բազմաթիվ մշակութային շենքեր իշխանության եւ նրանց մոտ մարդկանց կողմից սեփականաշնորհվեցին եւ յուրացվեցին, ո՞ւր են այդ շենքերը...»,-իր խոսքում ընդգծեց Կարինե Հակոբյանը, ապա անդրադարձավ նաեւ Արթուր Մեսչյանին՝ նշելով, որ Մեսչյան երաժիշտն ու Մեսչյան ճարտարապետը լրիվ տարբեր մարդիկ են. «Եվ երկրորդ՝ ինչո՞ւ է առանց մրցույթի նախագիծը տրվել նրան»:



Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ ուզում ենք կառուցել Կոմիտասի թանգարան, մինչդեռ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան խղճալի վիճակում է: «Կոմիտասագիտությունը զարգանում է Կոնսերվատորիայում, որը հիմա անհույս վիճակում է»,-ընդգծելով, որ այգում շատ անհամապատասխան շինություններ են կառուցվում, դրանցից մեկը Դելֆինարիումն էր, իսկ հիմա էլ ավելացավ մեկ այլ շինություն՝ թանգարանի տեսքով, մինչդեռ դա այգի է, որտեղ պետք է լինեն ծառեր, դա պետք է լինի հանգստի վայր, առավել եւս, որ կողքին Պանթեոնն է: Բանախոսների կարծիքով, այն, որ Կոմիտասը վաղուց արժանի է թանգարան ունենալու, անվիճելի է, բայց դա պետք չէ անել կրկին այգու, կանաչ տարածության հաշվին, առավել եւս, որ մշակութային շինությունների պակաս չունենք. «Միայն թե դրանք դարձնում են առեւտրի կենտրոններ, իսկ այգիներն էլ՝ մշակութային կենտրոններ»:



Ճարտարապետ Արբակ Վարդանյանի հակափաստարկն էլ այն էր, որ այգու եւ Պանթեոնի տարածքները տարանջատված են, չնայած տարածքն ընդլայնվելու է, եւ կառուցվելու են վարչական մաս, ցուցասրահներ, տպարան, բայց, ըստ նրա, դա լինելու է 50-ականներին կառուցված մշակութային կենտրոնի տարածքի հաշվին, որը դառնալու է համերգասրահ: «Ինչի՞ եք դեմ, որ ավելանա, մեծ ու շքեղ շենք լինի, այնտեղ մեծ ծառեր չկան, թփուտներ կան, եւ նման աշխատանքներ իրականացնելու ժամանակ հնարավոր է մի երկու ծառ էլ կտրվի: Շինարարությունը կատարվելու է ոչ պետական գումարների հաշվին, այսինքն՝ ամբողջությամբ բարեգործական միջոցներով է կառուցվելու, շինության սեփականատերը «Հայաստան» հիմնադրամն է, միջոցները «Փյունիկ» հիմնադրամի կողմից են»,-նշեց Վարդանյանը: Արդյունքում պարզվեց, որ շինության կառուցումն այնքան էլ մշակույթի պալատի սահմաններում չի իրականացվելու, եղած 400 քմ տարածքին ավելանալու է եւս 800-ը, որն էլ, ըստ այդմ, դուրս կգա այգու տարածքի հաշվից: Առավել եւս, որ նախագիծն արդեն համաձայնեցված է քաղաքապետարանի կողմից: