Դեմ է եղել միայն Դավիթ Հարությունյանը

Դեմ է եղել միայն Դավիթ Հարությունյանը
Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը տեւել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ոչ միայն ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր, այլեւ գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Սերժ Սարգսյանը խնդիրը ներկայացնելիս կտրուկ ու կոշտ է եղել: Նրան շարունակ ընդհատել է Դավիթ Հարությունյանը, իրավաբանական ու այլեւայլ պատճառաբանություններ բերելով, թե պատգամավորի եռաստիճան պաշտպանությունն այդով կարող է վնասված լինել, համ էլ` միջազգային հանրությունը մեզ լավ չի հասկանա, գուցե «կողմ» չքվեարկենք միջնորդությանը:



ՀՀԿ-ում որեւէ մեկը նրան չի երկրորդել, Սերժ Սարգսյանն էլ մնացել է անդրդվելի: Հրահանգել է միահամուռ, կազմուպատրաստ դիմավորել գլխավոր դատախազին: Հովիկ Աբրահամյանն այդ ամբողջ ընթացքում խելամտորեն գլխով է արել. հասկանալի է` այդ միջնորդությամբ Օսկանյանը քաղաքական խաղից դուրս է մնում, եւ Ծառուկյանն ամբողջությամբ մնում է նրա ազդեցության տակ: «Կանենք, բա ո՞նց, որ պետք է՝ պետք է անենք»,- կրկնել է նա:



Քննարկվել է նաեւ այդ օրվա նիստին պատգամավորների, մասնավորապես ՀՀԿ-ականների մասնակցության եւ քվորումի հարցը: Նախագահը պահանջել է նվազագույնի հասցնել գործուղումները, թույլ չտալ, որ այդ օրը որեւէ մեկը մեկնի Հայաստանից. հույսները պետք է դնեն միայն իրենց եւ ՕԵԿ-ի վրա: Ի դեպ, Դ. Հարությունյանն այդ օրերին մեկնելու է գործուղման: ՀՀԿ-ում կարծում են, որ մյուս քաղաքական ուժերը կբոյկոտեն այդ քվեարկությունը, որ քվորումն ապահովելը խնդիր դառնա: