Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի   աջակցությամբ եւ «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երեւանի Նար-Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:



 



«Կիլիկյան»  դպրոցում կրթություն կստանան 1–9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:



 



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երեւանում իրենց զգան հարմարավետ. «Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանը առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին եւ շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երեւանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաեւ նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ»,-նշել է քաղաքապետը:



 



Տարոն Մարգարյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների եւ նրանց ծնողների հետ: