Տանուլ տված երկիր

Տանուլ տված երկիր
Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի հետ



 



-Օրերս Ձեր «Ընտրանի» վերնագրով գրքի շնորհանդեսն էր Գրողների միության կլոր սրահում, նաեւ միության կողմից պարգեւատրվեցիք «Գրական վաստակի համար» մեդալով: Հետաքրքիր է՝ որքանո՞վ են գրական գործերն անդրադառնում մեր կյանքին, կապ կա՞ գրքի եւ մեր իրականության միջեւ:



 



- Մեր իրականությունը գեղարվեստորեն արտացոլված է գրքի պատմվածքներում. այդ առումով այսօրվա ժամանակն ապրված գործեր են, իմ կամ մյուսի վառ տպավորություն, ազդեցություն գործած դեպքեր են: Միանշանակ կարող եմ ասել, որ այսօրվա ժամանակը հաստատապես արտացոլված է գրքում:



 



- Իսկ մեր ժամանակը, որպես գրող, ինչպե՞ս եք բնորոշում, փորձենք Ձեր գրողական հայացքով քննել մեր իրականությունը:



 



- Շատ ծանր իրականության մեջ ենք ապրում, սա միայն ես չէ, որ պետք է ասեմ: Դաժան իրականություն է ոչ միայն գրի, գրականության, մտավորականության համար, այլեւ ընդհանրապես մեր ժողովրդի, երկրի համար ծանրագույն ժամանակներ ենք ապրում, հուսահատության աստիճանի ծանրագույն: Արտաքին քաղաքականության մեջ կարծես թե տանուլ ենք տալիս, իսկ ներքինում միանշանակ տանուլ տված է, որովհետեւ այս աստիճանի արտագաղթը, որ կա, որեւէ ժամանակում չի եղել: Ես քանի որ այդ առումով իներտ գրող չեմ, երկրի վիճակն ինձ միշտ մտահոգել է, շատ եմ եղել սահմանամերձ գոտիներում, զրուցել մարդկանց հետ, իսկապես սարսափելի վիճակ է, ուղղակի փակ դռներ են, դատարկված տներ ու վերջ: Չգիտեմ, թե այս բարոյահոգեբանական լքումն ուր է տանելու, այն աստիճան բարոյալքված ու հուսահատ վիճակ է, որ մարդկանց մեջ նույնիսկ մեռել է ապրելու ցանկությունը:



 



- Կարծես թե ինչ-որ բան է շարժվում, խոշոր ձկներ են բռնվում, սա որոշակի սկի՞զբ է, թե՞ խաղ ու զավեշտ:



 



- Ոչ մի հավատ չի ներշնչում այն փաստը, որ այս վերջին շրջանում երկրում մեծ պաշտոնյաներ են բռնվում, որովհետեւ այս ամենը ծիծաղելի է այնքանով, որ դա կար երկու-երեք տարի առաջ, ինչո՞ւ հանկած հիմա են հիշել: Այդ փողի ատկատների մասին, որ նախագահը խոսում է, ԱԺ որ պատգամավորին էլ բարձրացնես, չնչին բացառություններով, հստակ բոլորն այդ նույն ատկատների մեջ են, հսկայական օլիգարխիկ կլանի մեջ են մղված: Չեն կարողանում երկու նախադասություն իրար կապել, բայց հանկարծ պատգամավոր են դառնում, նրանց արած արտահայտությունները լսում, վատանում ես:



 



- Իսկ պատգամավոր Օսկանյանի եւ նրա նկատմամբ դրսեւորված վերաբերմունքի առումով ի՞նչ կասեք:



 



- Վարդան Օսկանյանի դեպքն ուղղակի ցնցող է ինչ առումով. 10 տարի երկրի արտաքին գործերի նախարարն է եղել, չեք իմացել ու հիմա հանկարծ հայտնաբերել եք, որ հանցագո՞րծ է, այսինքն՝ այդքան տարի հանցագո՞րծ էր աշխատում, այն էլ արտաքին գործերի նախարար: Այնքան խառնաշփոթ վիճակ է, որ նույնիսկ գլուխ էլ չեմ հանում, թե ինչ է կատարվում, որտեղ է վերջանալու, ինչ է լինելու, բայց օր օրի մտավորականը, քաղաքացին, բոլորը զգում են, որ կյանքը վատանում է: Դա միանշանակ է:



 



- Իսկ գրողի, գրականության դերն այս նկարագրած իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում:



 



- Հիմա այնպիսի ժամանակներ են, որ գրողը չպետք է բավարարվի միայն գրականություն ստեղծելով: Կարող են լինել գրողներ, որոնք շատ լավ գործեր գրեն այս իրականության մասին, բայց լինեն իներտ: Ճիշտ է, գրողի գործը գրելն է, բայց այսօր քիչ է դա, պետք է մի քիչ առաջնորդի դեր խաղա: Եթե գրողներ, նկարիչներ, դերասաններ, առհասարակ մշակույթի աշխարհի նշանավոր մարդկանց իրար գումարենք՝ դառնան մի հազար հոգի, եւ նրանք հավաքվեն ու պահանջատեր լինեն երկրի փոփոխության համար, կարծում եմ, որ հաստատ հաշվի կնստեն նրանց հետ, եւ փոփոխություններ կլինեն: Սա աղքատ երկիր չէ, ոչ մի երկրում այսքան ճոխ մեքենաներ չկան, ուրեմն մենք շատ լավ գիտենք, թե քանի միլիարդատեր ու ինչ գումարներ կան: Ինչո՞ւ գրողը պետք է նստի ու սպասի, թե այս երկրում ինչ է կատարվում, չեմ ասում, թե հեղափոխականի պես դրոշն առնի ու առաջ գնա, բայց պետք է անպայման իր ձայնը բարձրացնի համապատասխան ատյաններում, ուղղակի պահանջատեր լինի: Ժողովուրդն էլ տեսնի, որ իսկապես իր հոգսով ապրող, իր ցավը կիսող մարդ կա, եւ ընթերցողը հավատա ու գնա այդ գրողի ետեւից: Բայց կարծում եմ, որ շատ ենք իներտ, շատ-շատ, չնչին բացառությամբ մի քանի հոգի են համարձակվում բարձրաձայնել, խոսել, ոմանք էլ արդարանում են՝ ասելով, թե գրողի գործը գրելն է: Ո՞ւմ համար ես գրում. եթե մարդկանց ցավի ժամանակ չես կանգնելու իրենց կողքին, ինչ-որ տեղ չես կիսելու, նշանակում է այդ գրականությունն անիմաստ է ստեղծվում:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ