Կարեն Ավագյան. «Տարվա կեսը` ընդդիմադիր, կեսը` իշխանամետ»

Կարեն Ավագյան. «Տարվա կեսը` ընդդիմադիր, կեսը` իշխանամետ»
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել ելույթով, ուր մասնավորապես ասել է. «Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական «ռենեսանս» ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են։ Թեև նրանցից շատերին խիստ վերապահումով կարելի է ընդդիմադիր անվանել։ Շատ քաղաքական խաղացողներ, որպես կանոն, հավատարիմ չեն իրենց որդեգրած սկզբունքներին. տարվա կեսը հանդես են գալիս ընդդիմադիր կեցվածքով, մյուս կեսը միանում են իշխանական թևին։ Սա, բնականաբար, առաջացնում է ընտրողի համապատասխան վերաբերմունքը՝ իշխանությունից ընդդիմություն և հակառակը սահուն լողացող, չկողմնորոշված կուսակցություններին դնելով իրենց տեղը։ Սեփական անկարողությունը խոստովանելու փոխարեն այս պսևդոընդդիմադիրները քննադատության սլաքներն ուղղում են իշխանության ուղղությամբ։



Հիմա՝ վերջին շրջանում քաղաքական խաղադաշտին առանձնակի շարմ հաղորդած Վարդան Օսկանյանի մասին։ Նախկին արտգործնախարարը, իհարկե, ջանք չի խնայում առասպելական օսկանյանապատում ձևավորելու համար։ Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ իրավական խնդիրները քաղաքական դաշտ մի՜ բերեք։ Իշխանությունը չի սպիպել պարոն Օսկանյանին ֆինանսական մեքենայություններ անել, ՙՍիվիլիթասին՚ հատկացված գումարները սեփական կարիքների համար գործածել։ Օսկանյանին քաղաքական զոհ սարքելու ոմանց պրոյեկտն ուղղակի չստացվեց։ Պարոն Օսկանյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, բոլորի հետ հավասար է օրենքի առաջ։ Ի դեպ, այս օրերին օրենքի առջև պատասխան են տալիս նաև ՀՀԿ ներկայացուցիչներ։ Ի՞նչ է, եթե մեղադրվողը ՀՀԿ-ից է, գործն իրավական դաշտում է, իսկ եթե մեկ այլ կուսակցությունից, քաղաքական ենթատե՞քստ է ստանում…»: