Ֆիլմ Նժդեհի մասին. «Ագռավները փորձում են արծիվ ձեւանալ»

Ֆիլմ Նժդեհի մասին. «Ագռավները փորձում են արծիվ ձեւանալ»
Տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է նկարահանվել Գարեգին Նժդեհի կյանքին նվիրված գեղարվեստական կինոնկար, առիթ է տվել ակտիվ քննարկում ծավալել սոցիալական ցանցերում և առանձին կայքերում: Իսկ այն փաստը, որ ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, էլ ավելի սուր երանգներ է հաղորդել այդ բանավեճին: Դեռևս չկայացած կինոնկարի մասին մարդիկ արդեն իսկ վերապահումներով են խոսում՝ հաշվի առնելով բեմադրիչի և նրա գործընկերների նախկին աշխատանքները: Ֆեյսբուքյան հանրությունն այս իմաստով շատ ավելի կտրուկ և անվերապահ է: Այսպես, Facebook-ի օգտատեր Արամ Մխոյանն իր էջում գրում է.«Ո՞վ կարա առանց հայհոյանքի ասի, թե ինչ կաներ Գարեգին Նժդեհը Հրաչ Քեշիշյանի հետ, եթե իմանար որ վերջինս իրա մասին ֆիլմ ա նկարում»:



Akumb.am  կայքում Impression  անունով հանդես եկողի գրառումը հագեցած է անթաքույց սարկազմով. « էս հայ կլիպա-սերիալադիրիժորների փառասիրությունն ա անզսպելի՞, թե՞ իրենց ծիծաղի առարկա դարձնելու ենթագիտակցական մղումը: Քեշիշյան՝ Նժդե՞հ: Ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին.... fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն....



Իսկ ահա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցցանցի իր էջում նշում է. «Մի կադրից արդեն պարզ է` ագռավները փորձում են արծիվ ձեւանալ: Պատրաստվում է հերթական կեղծ ու պաթեթիկ խայտառակություն` մեր իսկ փողերով:Նժդեհի անվան Սուրեն Սպանդարյանի արձանն ու հրապարակը` հարակից դախլաներով ու գիշերային ակումբներով:Հմեկական սերիալ...»



Ի դեպ, Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է աշխատանքային լուսանկարներ նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումներից: Ֆիլմը նվիրված է Գարեգին Նժդեհին: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Դերասանական կազմում ընգրկված են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի և սիրված դերասաններ՝ Խորեն Լևոնյան, Արտաշես Ալեքսանյան, Վարշամ Գևորգյան, Շանթ Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում բավականին սուղ միջիցներով: Այժմ աշխատանքային անձնակազմը գտնվում է Վարշավայում : Նկարահանումները շարունակվում են: Ի դեպ, ֆիլմի նկարահանումներ համար արտասահմանից հրավիրվել է գլխավոր նկարիչ: Հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկն ասել է, որ շատ գոհ է թիմի պրոֆեսիոնալիզմից: Դեռ որոշված չէ, թե ով կլինի ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, բայց ամենայն հավանականությամբ, այդ գործը կվստահվի Հայկոյին:

Ֆիլմը պատրաստ կլինի տարեվերջին: