Լինելով ընդդիմադիր, այսօր ոչ ընդդիմություն եմ, ոչ էլ իշխանություն

Լինելով ընդդիմադիր, այսօր ոչ ընդդիմություն եմ, ոչ էլ իշխանություն
Հարցազրույց հեռուստամեկնաբան, ռեժիսոր, դերասան, թարգմանիչ Արտավազդ Եղոյանի հետ.



 



-Պարոն Եղոյան, այսօր հեռուստաեթերով քիչ եք երեւում, ի՞նչն է պատճառը, հրավերնե՞ր չկան, թե՞ Դուք եք հրաժարվում:



 



- Այսպես պատասխանեմ՝  կյանքում շատ բան կա,  որ ինձ թույլ չեմ տա, բայց չկա մի բան, որ թույլ չտան ինձ:  Երբ սկսվեց եթերում ինչ-որ բաների ոչ թե թույլ չտալը, այլ ակնարկելը, որ պետք չէ անել, ես այդ եթերում արդեն չեղա ու չեմ էլ լինի: Հրավերքներ կան, դեռ կորած չեմ, բայց չեմ աշխատում, որովհետեւ հասկացա, որ իմ աշխատակից ընկերն իմ համակարգիչն է, որին ես ասում եմ ինչ ուզում եմ, եւ նա էլ անում է այն, ինչ ուզում եմ:



 



- Իսկ 10-20 տարի առաջ հեռուստատեսությունում չկայի՞ն ինչ-որ բան թույլ չտալու այդ «ակնարկները», երբեւէ նման խնդրի առաջ չե՞ք կանգնել այն ժամանակ:



 



- Ծիծաղելի բան ասեմ. դեռ  89-ին ստեղծվեց «Խճանկար» հաղորդաշարը, որն ինֆորմացիոն, զվարճալի, տեղեկատվական ծրագիր էր եւ որն ազատ խոսք էր կոմունիստական հասարակարգում: Հետո ստեղծվեց  «3-րդ ալիքը», եկավ ՀՀՇ-ն, ազատ խոսում էինք ամեն ինչից, նույնիսկ Սովետական Միության ժամանակ «Պրավդա» թերթը մենք ենք «թաղել» եթերում: Այո-այո, իսկական հուղարկավորության տեսարան: Ես ու Կարենն էինք խաղում: Գուցե զարմանալի է,  բայց ՀՀՇ-ի ժամանակ բացարձակապես ազատ էինք: Եկան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, եկավ  Նաղդալյանը, եւ սկսվեցին մեր ծրագրի ժամերի կրճատումները` առաջին անգամ Թաթա Սիմոնյանին, Արմինե Գրիգորյանին, Աիդա Սարգսյանին, Արման Հովհաննիսյանին եթեր տալու համար. ի դեպ, Արմանի դեպքում մեր եթերը ժամուկեսով կրճատեցին, թե ո՞ւր եք ռաբիզներին եթեր տալիս: Եվ ամեն մի այդպիսի եթերի համար մեր ժամերը պակասում էին: Իսկ հիմա վերը նշված մարդիկ մշտապես Հանրայինի եթերում են, եւ շատ ուրախ եմ դրա համար:



 



- Դրա՞ համար փակվեց  «3-րդ ալիքը»:



 



- «3-րդ ալիքը» չփակվեց, այն առայսօր կա, ի դեմս  Էլմիրա Արսենյանի, Կարեն Քոչարյանի եւ ինձ: Միասին, թե առանձին՝ մենք այսօր էլ տալիս ենք արտադրանք, որը երբեմն գնում է եթեր: Բայց ես իմ՝ եթերում երեւալու իմաստ չեմ տեսնում, չնայած այսօր էլ դեռ կան հեռուստադիտողներ, որոնք ցավում են, որ եթերում չեմ լինում: Ի՞նչ ասեմ եթերից: Այս համատարած թշվառության մեջ հայտնված ժողովրդին իմ խոսքն ի՞նչ կտա, երբ կառավարության անդամները կամ նրանց բարեկամներն  այսպիսի սոցիալական անդունդ են ստեղծել ժողովրդի եւ իրենց միջեւ: Մոտ տասնյակ նոր ծրագրեր ունենք, բայց առանց լուրջ դրամական միջոցների չեն կարող իրականացվել: «3-րդ ալիքը»  մինչեւ վերջին թողարկումները ոչ մի հովանավոր չունեցավ, ու երբ մեր գումարները վերջացան, մենք որոշեցինք այլեւս մեր ընտանիքներով զբաղվել:



 



- Իսկ ինչո՞ւ հովանավորներ չփնտրեցիք, մտավախություն ունեիք, որ նրանք էլ իրե՞նց կամքը կթելադրեն: 



 



- Հիմնականում այդպես է լինում, բայց մենք դրան ենթարկվողը չենք, ես ձեռք պարզել չեմ սիրում: Մտնել մի չինովնիկի մոտ, ով փորը քորելով ասի` ա՜, բարեւ, Արտո ջան, նստի տեսնենք քեզ ինչո՞վ կարանք օգնենք… նույնիսկ չհասկանալով, որ այդ ես եւ իմ նմանները պիտի օգնեն իրենց կամ, ավելի ճիշտ՝ իրենց զավակներին հայեցի մեծանալու…. Ես այդպիսիներին չեմ ընդունում եւ նրանց հետ նույնիսկ հաց չեմ ուտում, որովհետեւ նրանք չարժեն: Հիմա սկսվել է աննորմալ վազք` հարստանալու, ճանաչում ստանալու, այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ պիտի այնպես վազես, որ գոնե հասցնես տեղումդ մնալ: Իսկ ես այդ վազքի համար երեւի արդեն ծեր եմ:



 



- Իսկ հիմա ի՞նչ եք անում:



 



- Ամեն ինչ էլ անում եմ, գովազդային հոլովակներ եմ պատրաստում, տեսաշարեր, համերգներ, երբեմն հարսանյաց հանդեսներ եմ մոնտաժում: Ապրում եմ, էլի...



 



- Իսկ հեռուստացույց նայո՞ւմ  եք, այն, ինչ տեսնում եք եթերում, Ձեզ դո՞ւր է գալիս:



 



- Հիմնականում՝ ոչ: Ռուսական ալիքներ եմ նայում, հայկական հեռուստաալիքներից «Երկիր մեդիան» եմ նայում, չնայած դաշնակ երբեք չեմ եղել, երբեմն հետաքրքիր բաներ է տալիս  «ԱՐ»-ը, «Շանթը», «Կենտրոնը», «Արմենիան»… բացի լրատվականից, ոչինչ չեմ նայում, որովհետեւ այդ ծամածռություններն ինձ դուր չեն գալիս, չնայած երբ մենք զրկվեցինք եթերից, իրենք առաջինն էին, որ մեզ եթեր տվեցին, ինչի համար շնորհակալ եմ: Սերիալներ չեմ նայում, չնայած այնպես ստացվեց, որ հայտնվեցի «Մեր բակը» սերիալում, բայց դադարեցրի, որովհետեւ սցենարը շատ թույլ էր, իսկ հումորը պետք է ներսից գա ու ազնիվ լինի:



 



- Հեռուստաեթերի կարգավորման հետ կապված՝ անընդհատ դիմում եք, բայց, մեկ է, դրանից կարծես բան չի փոխվում, որտեղի՞ց կամ ումի՞ց պետք է սկսել բարեփոխումը:



 



- Ես էլ կամ այդ մարդկանց մեջ ու կողմ եմ վերահսկմանը, բայց  ոչ գրաքննությանը: Պետք է արգելել երբեմն ընդհուպ խուլիգանության հասնող թեմաները եւ խուլիգանական բառապաշարը եթերում: Ես դեմ եմ գրաքննությանը եւ առաջինը ես եմ իմ խոսքն ազատ ասել եթերում, բայց պետք է մի քիչ կարգավորել այն, ամեն ինչ չէ, որ կարելի է եթերից հնչեցնել: Մի փչացրեք իմ սերունդը, ո՞վ է ձեզ թույլ տվել մեր երեխաներին այդպես դաստիարակել: Չէ՞ որ տեսախցիկից այն կողմ մի ամբողջ ազգ է ձեզ հետեւում: Հարգել է պետք հեռուստադիտողին: Մի քիչ սիրենք իրար, եւ աշխարհում մերի նման երկիր չի լինի:



 



- Կարծում եմ կհամաձայնեք, որ սիրելն էլ, լավատեսությունն էլ գալիս են սոցիալական վիճակից. եթե հացի խնդիր ունես, չես կարող լավատես լինել:



 



- Հոռետեսն ու գիշատիչը տարբեր բաներ են: Քաղցած մարդը չի կարող քաղցած կենդանուն նմանվել: Նրանք սպանում են ապրելու համար, իսկ այսօր շատերն ապրում են ուտելու համար: «Բարեւ, Ռոբ ջան» ասելու համար տվեցին-սպանեցին Պողոս Պողոսյանին: 15-20 հաստագլուխ ծեծելով սպանեցին Վահե Ավետյանին, եւ այսպես շարունակ… Ամեն ինչ խառնվել է իրար: Տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում սոցցանցերում: Հասարակությունը բեւեռացվել է: Ո՞վ է դրա պատասխանատուն: Մի՞թե պարզ չէ…



 



- Բայց սոցիալական ցանցերում հնարավո՞ր է այդ ամենը կարգավորել, դա դարձել է անվերահսկելի տարածք:



 



- Այդ տարածքն ազգի դեմքն է, մենք կյանքում էլ ենք այդպիսին, եւ հենց դա էլ երեւում է սոցիալական ցանցերում: Այսօր ցավալին այն է, որ, լինելով ընդդիմադիր, ես ոչ ընդդիմություն եմ, առավել եւս՝ ոչ էլ իշխանություն, նույնիսկ ՀՀՇ-ի ժամանակից սկսեցի ընդդիմանալ նրանց, բայց երբեք թույլ չէի տալիս, որ ասեն «հավայի հաչող շներ»: Կամ՝ այսօր ընդհուպ նախագահի ծաղրանկարներով են ուրախանում, երբեմն չհասկանալով, թե ովքեր են դրա ետեւում կանգնած: Քննադատելուն էլ ձեւ կա, բայց ոչ երբեք ծնողին կամ կնոջը հայհոյելը: Այսօր մեր հասարակության մեջ մի զանգված կա, որ անընդհատ ժողովրդից գողանում է, ու սրա՛նք պիտի արտագաղթեն եւ ոչ թե խեղճուկրակները: Բայց մի օր ժողովուրդն իրենց ձեռքից կառնի իրենից իսկ գողացածը, այս կյանքում շատ դեպքեր են լինում, թե հեղափոխության, թե հաշվեհարդարի, ժողովուրդը որ եկավ՝ սելավի նման է գալու, թող վախենան, որովհետեւ դղյակներն ու պարիսպները նրանց չեն փրկի, բաբաններով կջարդեն, որին ես, իհարկե, դեմ եմ ու չեմ ուզենա, որովհետեւ Մարտի 1 ունեցանք: Ուզում եմ, որ խաղաղության մեջ ու ճիշտ ապրենք: Գոնե հիմա թող խելքի գան ու շրջվեն ժողովրդի կողմը: Մեր ազգը համբերատար է ու նաեւ՝ ներող…



 



- Այդպես ապրելու համար ի՞նչ պետք է անենք, մարդիկ ամեն  4-5 տարին մեկ իրենց հույսն ընտրությունների հետ են կապում:



 



- Ոչ մի ընտրության չեմ հավատում, բոլորը փողով գնում են, մեր դուռը հինգ-տասը հազարներով ծեծում են ընտրությունների ժամանակ: Երբեք կառավարությանը ձայն չեմ տվել, բացի ամենաառաջին ընտրություններից, հետո միշտ դեմ եմ եղել ինչ-որ բանի: Ոչ մեկն արդար չէ, ու այսօր ինչ կատարվում է, բոլորն էլ նախընտրական խաղիկներ են:



 



- Մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում:



 



- Այսօր ոչ մեկին չեմ տեսնում նախագահ: Սերժ Սարգսյանը լավ ազատամարտիկ է, բայց նա փափուկ է, գուցե լավ պաշտպանության նախարար էր, բայց ոչ նախագահ: Կարեւորը շրջապատն է, երեսպաշտ մի քանի խոսնակներ երբ սկսում են խոսել, զայրույթից ու ծիծաղից թուլանում եմ, մնում է, ներողություն արտահայտությանս համար, հեռուստացույցը  ջարդուփշուր անեմ: Իսկ ո՞ւր կորավ ընդդիմությունը, այդ բղավող կանանց, «բետեեռներին» գցում են առաջներն ու վերջ… բայց այդպես չի կարելի, այս ի՞նչ կատարվեց… Ես շատ հիասթափված եմ, աշխարհը պտտվելով՝ բոլորին կանչում էի  տուն, հողագնդի երկու երրորդը ոտքիս տակ եմ տվել եւ որտեղ տեսել եմ հայերի, կանչել եմ հայրենիք: Տեսել եմ մտավորականների, ովքեր դրսում կարկանդակ էին վաճառում, հաց էին թխում, ասել եմ՝ սա ավելի՞ լավ է, քան թե Հայաստանում, ասել են՝ այստեղ խիղճս հանգիստ է, գոնե աշխատանք ունենք: Միայն տան վարձերն են ահավոր: Հիմա ամսվա վերջը որ գալիս է, մենք էլ շունչներս պահում ենք՝ ո՞նց ենք գազի վարձը տալու, եւ դեռ ուզում են նորից թանկացնել, ես էլ կանցնեմ էլեկտրականությանը, դա էլ կթանկացնեն՝ խարույկ կվառեմ տան մեջ ու կտաքանամ, փող չեմ տալու դրանց,  որովհետեւ սրանք բոլորը թալանչիներ են, ժողովրդի ցավի վրա հարստացողներ ու հարստահարողներ: Մի օր մեկը փողոցում ինձ ասաց՝ պարոն Եղոյան, հիշո՞ւմ եք ինձ, Եվրոպայում Դուք ինձ ասեցիք՝ եկեք հայրենիք, ես էլ ընտանիքիս հետ եկա, բայց հիմա փոշմանել եմ, ի՞նչ անեմ: Ասեցի՝ մենակ չանիծեք: Ես չգիտեի, որ այսպես կլինի... Հիմա երբեմն ինձ մոտ էլ է նույն միտքը գալիս՝ իհարկե, ոչ ինձ համար, այլ զավակներիս ու  թոռներիս…



 



- Այսքանից հետո դժվար է լավատեսություն պահպանել, բայցեւայնպես հույս ունե՞ք, որ մի օր վիճակը կփոխվի դեպի լավը:



 



- Վիճակը փոխելու համար պետք է մենք փոխվենք:  ՀՀԿ-ի կարգախոսը՝ հավատանք, որ փոխենք, ծիծաղելի էր, հավատացի (իհարկե՝ չհավատալով), այդքանը ընտրվեցին, բայց գոնե փոխեին, որ հավատայինք, իսկ ի՞նչ փոխվեց՝ ոչինչ, փոխվեց Մարտի 1-ով, Վահե Ավետյանով, մի քանի շինծու դատավարություններով ու ժողովրդի աչքերին թոզ փչելով:  Լավ, այսօր գործարարն ինչի՞ պիտի նստի ԱԺ-ում, որ իր բիզնե՞սը պաշտպանի, բա ես ի՞նչ անեմ:  Կոռուպցիան մինչեւ չվերանա, ոչինչ չի կարգավորվի, եւ երկիրը երկիր չի դառնա, դժվար է այստեղ ապրելը, իսկ դրսում ինձ սարեր են խոստանում, որոնք, ես գիտեմ, հաստատ կունենամ, եթե գնամ  իհարկե: Ու ոչ միայն ես, շատ տաղանդավոր ու աշխատասեր է հայ մարդը: Եթե աշխատանքով ապահովվի, իր ընտանիքը կկարողանա պահել: Այստեղ Երվանդ Օտյանին հիշեցի` Մեր ազգն ապերախտ է, յուր տաղանդները վարձատրել չիդե…



 



- Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ պահում այստեղ: 



 



- Երեւի այս հողը, ջուրը, մարդիկ, ծնողներիս գերեզմանը, ամեն ինչը: Երեւի կզարմանաք` նույնիսկ այստեղի  վատը...