Մարտի 1-ը Վարդան Մամիկոնյանի պատմությունը չէ

Մարտի 1-ը Վարդան Մամիկոնյանի պատմությունը չէ
«ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը՝ մի ստորին լակոտ Էդիկ անունով, դասագիրք է գրել ուսանողների համար, որտեղ ներկայացնում է 2008 թ. դեպքերը, որոնց նաեւ ես եմ մասնակցել: Բայց մոռացել է, որ սա Վարդան Մամիկոնյանի պատմությունը չէ՝ 451թ., Տղմուտ գետի ափ, եւ մենք էլ մասնակից չենք եղել…. Հիմա այդ ստորը երեկ չէ առաջին օրվա համար բան է գրում ու գովերգում իշխանություններին»,- երեկ մեր լրագրողի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի աղմկահարույց պատմական ակնարկին, ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Գուրգեն Եղիազարյանը:



 



Նշենք, որ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ «Հակահարված» խմբի ընդհարումից հետո ակտիվ երիտասարդները պարզեցին, որ ֆակուլտետում օգտագործվող գրքերից մեկի՝ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների բաժինը հեղինակել է Մինասյանը, որտեղ գրել է. «Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները, ընդդիմության արմատական թեւը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարք: …Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց: ....արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։ 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։ Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները»:



 



Դասագիրքը քննադատողները շատ են, այդ թվում Մինասյանի կոլեգաներն ու ընդդիմության ներկայացուցիչները: Երեկ նրանց միացավ նաեւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Էս մարդը գրել է՝ իբր 10 մարդկանց մենք ենք սպանել, սկի այս ստորագույն իշխանությունները չկարողացան դատի տալ մեզ, այո՝ նստացրեցին, բայց այդպես էլ դատարան չտարան, չապացուցեցին մեր մեղքը: Իսկ այս Էդիկը քթներիս տակ կեղծում է մեր փաստերը: Հիմա կա՞ մեր երկրում մի բան, որ ես, դու, նա չենք իմանում, չգիտենք՝ ով է Տիգրանչիկ Սարգսյանը, Կճոյանը, մյուսը, մյուսը»,- ասել է Եղիազարյանը: