Թոփ տասնյակը

Թոփ տասնյակը
Երեկ ԲՀԿ-ն Ազգային ժողովում հանդես եկավ մի հայտարարությամբ, որը հիրավի առողջ եւ իրական ընդդիմությանը վայել տեքստ էր: Խոսքը ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հնչեցրած 2013-ի պետբյուջեի «աբսուրդային հատկացումների թոփ տասնյակի» մասին է: Ցանկում իրոք անհեթեթ հատկացումներ են՝ հոգեբանական ծառայություններին, տարբեր հետազոտություններին, հաշվառումներին, խորհրդատվություններին, ժամանցային ծրագրերին ուղղված ծախսեր:



 



Ամենահետաքրքիրն անշուշտ՝ դատախազների համազգեստներ կարելուն ուղղված գումարն է. 68 միլիոն դրամից ավելի: Ամբողջը՝ շուրջ 2 միլիարդ դրամ: Լավ ուսումնասիրություն է կատարել ԲՀԿ-ն: Սա այն է, ինչ պետք է անի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը եւ հանրությանը ներկայացնի, թե ինչով է զբաղված այս իշխանությունը եւ նրա ձեւավորած կառավարությունը: Անշուշտ, եթե հարց ուղղվեր ֆինանսների նախարարին կամ կառավարության այլ մասնակցի, նրանք հուզախռով ձայնով կհիմնավորեին, որ մեր երկրի գոյությունը համարյա կախված է այդ ծախսերից, եւ երկրի բնականոն կենսագործունեությունը կխախտվի, եթե այդ ծախսերը չկատարվեն, սակայն պարզ է, որ դա ամենասովորական դեմագոգիա է, եւ բյուջեի նախագծում բազում նման հոդվածներ կան, որոնց հաշվին կարելի էր գումարներ տնտեսել եւ դրանք ավելի խելամիտ ծախսել:



 



Ընդհանրապես, այս կառավարության թիվ մեկ որակը հենց դեմագոգիան է՝ ոչ այնքան աշխատում են, ոչ այնքան երկրի տնտեսական վիճակը բարելավում, որքան օրեցօր ավելի ճկուն են դառնում ու խոսքաշատ: Մարդկանց աչքին թոզ փչելու արվեստին են սկսում տիրապետել: Անգամ ընդդիմության ամենավառ ներկայացուցիչները, ովքեր վերջերս առիթ են ունեցել ուղիղ շփվելու կառավարության անդամների հետ, սկսել են ավելի մեղմ որակումներ տալ ու ավելի հանդուրժող են դարձել կառավարության հանդեպ: