Թատրո՞ն է արդյոք

Թատրո՞ն է արդյոք
Իսկ հնարավո՞ր է, որ այս թատրոնը բացառապես մասսաների համար է եւ միայն ներքեւի օղակներում՝ Շարմազանով-Ուրիխանյան մակարդակով: Իսկ իրենք՝ առաջնորդները, շատ ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն եւ համագործակցության երկարաժամկետ ծրագրեր:



 



Հնարավո՞ր է, որ այս հակամարտությունն ուղղված է դրսին, որ ցույց տան, թե Հայաստանում առողջ քաղաքական կյանք կա, իշխանության համար պայքար, շարժում, առաջընթաց՝ այ, տեսեք, թե ինչ դաժան պայքարի արդյունքում է նախագահի աթոռին հայտնվելու Սերժ Սարգսյանը: Իսկ հնարավո՞ր է, որ այս ամենն արվում է, որ երկրում իրական ընդդիմություն չձեւավորվի, եւ հասարակությունն էլ մնա իր համար գծված շրջանակների մեջ՝ հնազանդ ու անխռով: Չընդվզի ընտրակեղծիքների դեմ, իսկ եթե անգամ ընդվզի՝ ամենավճռական պահին նրան տուն ուղարկեն՝ հետագայում հաղթանակի հասնելու «գենիալնի» պլան ունենալու պատրվակով: Իսկ հնարավո՞ր է, որ սա գերտերությունների ծրագիրն է՝ զբաղեցնել մեզ ներքին մանր-մունր պատերազմներով, հետագայում իրենց նախատեսած սցենարն իրականացնելու, Հայաստանն իրենց առեւտրի մեջ որպես խաղաթուղթ օգտագործելու համար: Այս հարցերն այսօր պտտվում են օդում: Շատ քիչ մարդիկ գիտեն սրանց ստույգ պատասխանները:



 



Եթե իսկապես մենք բոլորս մի մեծ խաղի մասնակիցներ ենք, մի քանի հոգու կողմից գրված սցենարի մեջ անշունչ մարիոնետներ, ապա միայն ցավակցել կարելի է մեզ: Կնշանակի՝ այս երկրում չկա ոչ միայն քաղաքական կյանք, այլեւ մամուլ, հասարակություն, նաեւ՝ հեռանկար, ապագա: Կնշանակի՝ թատրոն է ոչ միայն նախագահական ընտրությունների շեմին բեմականացվող ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, այլեւ մեր բոլորիս կյանքը՝ իր բոլոր դրսեւորումներով: Սերը, ատելությունը, ուրախությունը, դժգոհությունը՝ ամեն, ամեն ինչ: