Գյադաների ժամանակը

Գյադաների ժամանակը
Այնքան շատ ստորություն, անբարոյականություն ու անհանդուրժողականություն ենք տեսել այս տարիներին, որ թվում էր, ոչնչից այլեւս չենք զարմանում: Բայց երբեմն ուղղակի նողկանք ես զգում այս մարդակերպ թեւանյանների պահվածքից:



 



Ահա սա, որ հսկա լսարանի առաջ իրեն մտածող մարդու տեղ դրած` քաղաքագիտական ելույթ է ունենում, բայց իրականում մանր «ժուլիկ» է, որն իր փայ պատառը փախցնելուց բացի կյանքում ուրիշ նպատակ չի ունեցել եւ չունի. Ի՞նչ տարբերություն այդ պատառը որտեղ կփախցնի` Ծառուկյանի ֆազենդաներից մեկո՞ւմ, թե՞ նախագահական նստավայրում: Այս մյուսը, բազում ճամբարներ ու կաշի փոխած, «որտեղ հաց` այնտեղ կաց» լոզունգի կենդանի մարմնացումն է, պատրաստ է ծառայել թեկուզ սատանային, միայն թե մի խղճուկ կաբինետ ունենա ու մի քնձռոտ քարտուղարուհի: Երրորդը նախկինում պայքարի հզոր մարտիկ էր, ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող, «հզոր» հոդվածներ էր գրում, հիմա հայտնի օլիգարխի ստվերն է, նրա կոստյումի վրայի փոշին թափ տվող թափթփուկ: Չորրորդը կյանքի քառասունն է բոլորել, բայց այդպես էլ իր տեղը չի գտնում. մեկ մեկի գրասենյակում է վերլուծություններ անում, մեկ` մյուսի:



 



Բայց ամենակարեւորը` սրանց ամենասիրելի զբաղմունքը կայացած, իրենց ոտքի վրա հաստատուն կանգնած, անկախ մարդկանց վրա ցեխ շպրտելն է: Այս տեսակը մարդկային ամենաստոր որակներով է օժտված` կանացի նախանձից սկսած, մինչեւ ցածրակարգ վիրավորանք: Սրանք ոչ մի արժանապատիվ մարդու չհանդուրժող ողորմելի կամակատարներ են, որոնց համար չկա որեւէ սահման, որից անդին չի կարելի անցնել: Սրանց բարոյականության չափանիշը տիրոջն անվերապահ ծառայելն է, նրան բան ասողների հասցեին վայրահաչելը: Հասկանալի է` կերած հացն են ուզում արդարացնել, բայց ինչո՞ւ են 1 դրամի հաց ստանում` 10 դրամի հաչում: