Մեղավորը լրագրողներն են

Մեղավորը լրագրողներն են
Երեկվա հերոսն անշուշտ Թոխմախի Մհերն էր: Մեր գործընկեր Մհեր Արշակյանը, որ հաստատ անդաստիարակ ու կպչուն լրագրողների թվին չի պատկանում, հայտնվել է սրա «տեսադաշտում» ու ենթարկվել «ծնոտը» կորցնելու վտանգին: Չպատճառաբանված կատաղության նոպա դրսեւորած «օրենսդիրը» հետո իր պահվածքը բացատրել է, թե՝ զայրացած էի:



 



Այսինքն՝ լրագրողներն այսուհետ ԱԺ պատգամավորներին մոտենալուց առաջ պետք է հետաքրքրվեն նրանց հոգեվիճակով, զգացողություններով, տրամադրությամբ: Ասենք՝ Թոխմախի Մհերին հարց տալուց եւ մոտենալուց առաջ պետք է կապվեն նրա կնոջ կամ օգնականի հետ՝ պարզեն, թե Մեծն Թոխմախն այդ օրն ինչ տրամադրությամբ է արթնացել, սովա՞ծ է, թե՞ կուշտ, հո բիզնես-գործերը վատ չե՞ն, հո հարեւանի հետ չի՞ կռվել: Եվ մանրամասն ինֆորմացիա հավաքելուց հետո զգուշորեն մոտենան «Ձերդ գերազանցությանը» ու ներողամտություն հայցող ձայնով մեղմորեն ձեւակերպեն հարցը: Հարցն էլ ձեւակերպելիս պետք է մտածեն, որ այն ականջ շոյող լինի, նրա բարեմասնություններն ընդգծող, որ հանկարծ հայտնի կոնգրեսմենը չզայրանա:



 



Այս պարագայում Սամվել Ալեքսանյանի «ազիզները», Արզաքանցյանի անգրագիտությունը, Գալուստ Սահակյանի անկապությունները պարզապես մարգարիտներ են ու լրագրողներին ուղղված բարեկրթության եւ սիրո դրսեւորումներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են, որոնք առաջնորդվեցին «հավատարիմ հիմարն ու գողականը անհավատարիմ ինտելեկտուալից լավ է» կարգախոսով եւ երկրի օրենսդիր մարմինը լցրեցին գաղութների կոնտինգենտով: Այս պարագայում արդեն ոչ ոք մեղավոր չէ, որ կոռուպցիան երկիրն ուտում է, որ ամենակարեւոր պոստերում նստածները գլուխ չեն հանում, եւ պետության համար օրախնդիր հարցերը չեն լուծվում: