Ազնիվ եղեք ընտրողի հետ

Ազնիվ եղեք ընտրողի հետ
Մեր քաղաքական գործիչներին թվում է, թե քաղաքականությամբ զբաղվել նշանակում է կեղծել, ստել, մտածել մի բան՝ ասել մեկ այլ բան, սկզբունքները փոխել այնպես, ինչպես թելադրում է պահի հրամայականը: Ճամբարից ճամբար թռնել, վաղեմի ընկերներին դավաճանել, ծախվել շահեկան գնով, ամեն ինչ անել ջրի երեսին մնալու համար:



 



Սակայն այդ ամենն անել այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի: Բայց, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են, եւ փորածդ փոսն ընկնելու հեռանկարը շատ իրատեսական է: Երբ քաղաքական գործիչները հեռանում են ճշմարտությունից, ամենից շատ տուժում են հենց իրենք: Ընտրողի հիացմունքից մինչեւ հիասթափություն կես քայլ է, եւ եթե քաղաքացին հիանում է անկեղծ ու ազնիվ գործիչներով, ապա երբեք չի գնում ստախոսի ու խաբեբայի ետեւից: Եթե պատրաստ է ներել գործչի սխալը, ապա կեղծիքը մոռանալ չի կարողանում: Հայաստանում ձեւավորված այս ապատիկ ու անպայքար մթնոլորտի գլխավոր մեղավորն անշուշտ իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, սակայն մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ քաղաքական մյուս ուժերի ղեկավարները:



 



Եթե հանրությունն ինչ-որ տեղ աչք է փակում իշխանավորի ստի առաջ, ապա ընդդիմության սուտն ուղղակի հրաժարվում է ըմբռնել: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր չառաջադրվելու մասին եւ որպես գլխավոր պատճառ մեջտեղ բերեց իր տարիքը, քչերին դա համոզեց: Ավելին՝ ընդդիմադիր քաղաքական ուժին զրկեց քաղաքական դաշտը վերլուծելու, նախընտրական փուլի թերությունների մասին խոսելու հնարավորությունից: Նույնը ԲՀԿ-ի պարագայում. եթե ԲՀԿ առաջնորդը հայտարարեր, որ իր չառաջադրվելու պատճառն այն ճնշումներն են, որ ամիսներ շարունակ գործադրվում են իր նկատմամբ, ընտրողի վստահությունը չէր կորցնի եւ երկրի ճակատագրում մեծ ներդրում կունենար: