Համատեղ ծրագրեր ու առաջիկա անելիքներ

Համատեղ ծրագրեր ու առաջիկա անելիքներ
ՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպված մամլո ասուլիսում նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել են 2012թ.-ին համատեղ իրականացրած եւ համագործակցության շրջանակներում 2013թ.-ին նախատեսվող մշակութային ծրագրերը:



 



Մշակույթին աջակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մաս է կազմել ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից: Ընդհանուր առմամբ, ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որից 952,8 միլիոնը՝ 2012թ.-ին: Իսկ 2013-ին ամենատարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 1,204 միլիարդ ՀՀ դրամ:



 



ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային է ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը: Ընկերությունը հաստատակամ է սերունդներին այդ տրամաբանությամբ առաջնորդելու` ամբողջ հայության կողմից Հայաստանը որպես տուն ընկալելու, հայրենիքի հանդեպ սերը պահպանելու եւ ներշնչանքի աղբյուր դարձնելու հարցում:



 



Ընկերության աջակցությունը մշակույթի ոլորտին չի սահմանափակվում ազգային մշակույթի առաջխաղացմանը նպաստելով: Ընկերությունը համոզված է, որ մշակույթն առավել հզոր եւ հարուստ է այլ մշակույթների հետ շփման արդյունքում:  Ազգայինի առանձնահատկության պահպանումը, սակայն, կարեւոր է մեր ինքնության եւ դարերից եկող մշակութային գանձերը պահպանելու  տեսանկյունից:  Այս ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը նաեւ մշակութային երկխոսությանը նպաստելու եւ գալիք սերունդներին  կրթելու նպատակ ունի: Ինքնատիպ եւ նշանակալի ցանկացած մշակութային իրադարձություն նոր որակ է հաղորդում մեր հասարակության կյանքին:



 



ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ոլորտների եւ ոճերի բազմազանությամբ. աջակցություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` թանգարանային եւ ցուցադրական  փաստաթղթերի ձեռքբերման հարցում, «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման բեմադրման հովանավորություն եւ այլն:



 



Հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Ընկերությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ «I Solisti Veneti»-ի համերգի կազմակերպմանը, հովանավորել է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության, Գյումրիի «Վերածնունդ» եւ «Վերադարձի» երաժշտական փառատոնները:



 



Աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի երիտասարդական նվագախմբին, Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, Պետական ակադեմիական երգչախմբին, ինչպես նաեւ անհատ ստեղծագործողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ հովանավորում է «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի ստեղծման աշխատանքները:



 



Որպես կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունն աջակցել է նաեւ կինոարվեստին՝ նպաստելով դրա պահպանմանն ու հայ հանդիսատեսին հասանելիությանը: Այս տարի տասնամյա գործունեությունը նշող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիանալի հնարավորություն է` եւս մեկ անգամ Հայաստանն աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար: Ընկերությունն արդեն ութերորդ անգամ է ստանձնել փառատոնի հովանավորությունը:



 



«Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի  շրջանակներում հովանավորվել է «Via Libri» ծրագիրը: Ընթերցանության տարածմանն ուղղված  նախագծերի աջակցությունը  նպատակ ունի դպրոցներում ամրապնդելու ընթերցանության մշակույթը, նպաստելու մշակութային, սոցիալական եւ տնտեսական զարգացմանն առավել պատրաստ երիտասարդության ձեւավորմանը:



 



2013-ին մշակույթի նախարարությունը շարունակելու է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով. բազմաթիվ են երաժշտական, թատերական նախագծերն ու երիտասարդության համար նախատեսված պրեմիերաները եւ փառատոնները:



 



Ծրագրային նման բազմազանությունը կարող է կյանքի կոչվել միայն կորպորատիվ գործընկերների աջակցությամբ: Գործընկերներ, որոնց մղումն ազնիվ է. աջակցել ոչ միայն  հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, այլեւ Հայաստանում համաշխարհային հարուստ մշակութային ժառանգության ներկայացման գործին: Մշակույթի նախարարությունը գնահատում է աշխարհին հայկական մշակույթի ներկայացմանն ուղղված՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ երկարաժամկետ եւ կայացած համագործակցությունը:



 



Հասարակության պատմության հիմքում իր արվեստն ու մշակույթն են: Այս ճշմարտությունն ընդունելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է ժամանակակից հայ մշակույթի բարեկամ լինելու իր վճռականությունն ու աջակցել իր բարձր դիրքերը պահպանելուն ուղղված մշակույթի ոլորտի ջանքերը: