Կրթական թալան

Կրթական թալան
Մեր երկրում կրթական քաղաքականությունը վաղուց արդեն վերաճել է փողի ու թալանի քաղաքականության: Դա մի շղթա է, որ սկսում է դպրոցներից ու ավարտվում բուհերով: Դրա վառ ապացույցն է մի շարք բուհերի վարձավճարների կտրուկ աճը:



 



Արդեն սեպտեմբերից առաջին կուրսեցիներն ու մագիստրանտները «գնաճը» կզգան իրենց մաշկի վրա: Վարձավճարն աճել է Երեւանի պետական համալսարանում, պետական տնտեսագիտական եւ ճարտարագիտական համալսարաններում, Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բոլոր այս բուհերում վարձավճարները միջինը թանկացել են 100-150 հազարով: Ու սա այն երկրում, որտեղ նվազագույն միջին աշխատավարձը կազմում է 35 հազար դրամ, եւ որտեղ մնում է արդեն օդի դիմաց վարձ հարկեն: Սա նշանակում է, որ բուհը թքած ունի իր պոտենցիալ ուսանողների վրա, իսկ պետությունն էլ իր հերթին թքած ունի բուհի եւ սովորել ցանկացողների վրա: Մեզանում կրթություն կարող են ստանալ միայն վճարունակները: Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը հանդիսատեսի դերում է, նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք տեղյակ են վարձավճարների կտրուկ աճից, բայց ոչինչ անել չեն կարող. «Վարձավճարների սահմանումը յուրաքանչյուր ուսումնական հաստատության իրավասությունների շրջանակում է»: Ահա այս իրավասությունների շրջանակում էլ կրթական օջախներն առաջին հերթին հղում են անում երկրում կոմունալ վարձերի թանկացմանը, դասախոսական կազմի աշխատավարձերի ցածր լինելուն:



 



Հետաքրքիր է, 100 հազարով բարձրացող ուսման վարձի քանի՞ տոկոսն է ուղղվելու դասախոսի աշխատավարձի բարձրացմանը: «Այս պահին չեմ կարող պատասխանել, քանի որ դեռ հայտնի չէ ընդունելության պատկերը, չգիտենք քանի ուսանող կընդունենք, իսկ թանկացումները վերաբերում են առաջին կուրսեցիներին, եւ հետո՝ համալսարանի ծախսերը միայն աշխատավարձերը չեն, մենք ունենք այլ ծախսեր, ամեն տարի թարմացնում ենք մեր համակարգիչների պարկը, սերվերներ, ինտերնետ…»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Իսկ ինչո՞ւ որոշվեց 100 հազարով ավելացնել եւ ոչ, ասենք, 200-ով կամ ավելի պակաս,  ինչպե՞ս է հաշվարկը կատարվում, եւ ո՞վ է որոշում ուսման չափի մակարդակը: «Գիտեք ինչ, գնագոյացումը բավականին բարդ գործընթաց է, երբ դուք տեսնում եք, որ ձեր բյուջեի, ձեր զարգացման, ձեր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, բնականաբար, որոշում եք ընդունում, որ պետք է բարձրացնեք, իսկ այդ բարձրացման մասին գիտական խորհուրդը որոշում էր ընդունել դեռ նոյեմբեր ամսին»: Ավելին` Մարկոսյանը նշեց, որ իրենք հավասարեցրել են վճարովի բաժինների վարձավճարն այն գումարին, որը պետությունը տալիս է պետպատվերի շրջանակում սովորող ուսանողի համար. «Այսինքն, մեր նվազագույն վարձը հավասարեցրինք պետպատվերի շրջանակներում վճարվող վճարին` 400 հազարին»:



 



Մարկոսյանը նշեց, որ եթե մայր բուհը համեմատենք նույն Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ, ապա կտեսնենք, որ մայր բուհում շատ ցածր են վարձերը. «Տարեկան մենք նաեւ 300 միլիոն դրամի շրջանակներում զեղչեր ենք անում ուսանողներին»: Իսկ մայր բուհը մտավախություն չունի՞, որ վարձերը կտրուկ բարձրացնելով, կարող է նաեւ ուսանողներ կորցնել: «Հնարավոր է, որ ինչ-որ ուսանողներ դժվարություններ ունենան, իսկ մագիստրատուրայում շատ են կիրառում հեռակա ուսուցման համակարգը, որտեղ ուսանողն արդեն վաստակում է, աշխատում եւ կարող է կոմպենսացնել աշխատելով»: Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա պետական մասնաբաժինը բուհի եկամուտներում կազմում է մոտ 30 տոկոս` 2.5 միլիարդ դրամ: Ըստ Մարկոսյանի, բողոքի դրսեւորումներ չեն եղել մայր բուհում, որովհետեւ ռեկտորը պարբերաբար հանդիպում է ուսանողներին եւ նրանց բացատրում իրավիճակը: Մենք զրուցեցինք նաեւ մայր բուհի մի քանի ուսանողների հետ, ովքեր նշեցին, որ ամենասկզբում, երբ վճարների թանկացման աղմուկը եղավ, ցանկություն ունեին ինչ-որ քայլեր անելու, բայց նախաձեռնությանն ուսանողությունը չմիացավ, ասում են՝ պատճառները տարբեր են, մեծ մասի համար դա փող չէ, իսկ չունեւոր մասն էլ հույս չունի, որ դրանով ինչ-որ բան կփոխվի: Զրուցակիցներիցս մեկ ուրիշն էլ ասում է, որ գործերն արդեն տարել էր հոգեբանության մագիստրատուրա, բայց իմանալով, որ վարձը դառնալու է 500-550 հազար դրամ, ծնողների հետ որոշել են այդ գումարը, որպես «մաղարիչ» տան որեւէ դպրոցի ու բակալավրի դիպլոմով աշխատանքի անցնեն:



 



Այսօր, փոխանակ պետությունը ճանապարհներ գտնի կրթությունը երկրում ավելի մատչելի դարձնելու համար, անում է ճիշտ հակառակը՝ գնում է մենաշնորհներ ստեղծելու ճանապարհով, բարձրագույն կրթությունը դարձնելով միայն ընտրյալներին հասու: Ու եթե վաղուց արդեն հայը հանգստանում է Քոբուլեթիի ափերին, որովհետեւ անգամ Սեւանի անհրապույր ափերի գինը հասանելի չէ գրպանին, ապա շատ կարճ ժամանակում նույն միտումները տեսանելի կլինեն նաեւ կրթության ոլորտում, որովհետեւ դրսում որակյալ եւ մատչելի կրթություն ստանալն ավելի հասանելի կլինի, քան սեփական երկրի կիսատ-պռատ կրթություն տվող բուհերից որեւէ մեկում:  Իսկ այդ ընթացքում նախարար Աշոտյանը հայտարարում է` լավ կրթությունը լավ գին է ունենում: Հարգելի նախարար, կրթությունը նախեւառաջ բոլորին հասանելի է լինում: Լավ կրթության դիմաց լավ գին դնելով, դուք խախտում եք նաեւ մի շարք լավ երիտասարդների՝ իրենց երկրում կրթություն ստանալու իրավունքը եւ դրանով իսկ խթանում արտագաղթը: