ՀՀԿ-ի կուլիսներում

ՀՀԿ-ի կուլիսներում

Իշխող կուսակցության ներսում տիրող մթնոլորտին, վարքուբարքին ծանոթանալիս հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել: Նայում ես՝ բոյով-բուսով, անուն-հեղինակություն ունեցող, ճանապարհ անցած մարդ է, բայց գառնուկի նման հեզ է ու նորահարսի նման ամոթխած իր ղեկավարի մոտ: ՀՀԿ ղեկավար կազմի հետ զրուցելիս կարելի է պարզել, օրինակ, որ որեւէ թերթի մի ակտիվ լրագրողուհի ավելի շատ է տեղեկացված, թե ինչ է կատարվում Հանրապետականի ներսում, քան այս կուսակցության իբր հայտնի դեմքերը: Կարելի է պարզել, որ նրանց մեծ մասը երբեւէ չի համարձակվում իրենց Գործադիր մարմնի կամ խորհրդի նիստերի ժամանակ որեւէ հարց տալ ՀՀ նախագահին, կարծիք հայտնել: Կարծում են՝ եթե պետք լինի, ինքը կասի, եթե չի ասում՝ ուրեմն պետք չէ: Երկաթյա տրամաբանություն: Եթե շարունակեք խորանալ այս կառույցի խորխորատներում, կհայտնաբերեք, որ սրանց մոտ ընդունված չէ որեւէ մեկին պաշտպանելը: Ասենք՝ եթե ՀՀԿ նախագահը զայրացած է մեկի վրա եւ շան լափ է թափում սրա գլխին, գրեթե ոչ մեկը երբեւէ ռիսկ չի անում միջամտել, առարկել կամ էլ հակառակը պնդել: Չնայած չի բացառվում, որ նախագահի զայրույթն անտեղի է եւ ոչ այնքան արդարացի: Էլ չենք խոսում այդ զայրույթի թիրախը դառնալու մասին. աշխարհը էս դժբախտի գլխին շուռ է գալիս, կյանքն ավարտվում: Սեփական իրավունքները պաշտպանելու, արդարանալու կամ հակափաստարկներ բերելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս կառույցում նաեւ չի խրախուսվում ցանկացած նախաձեռնություն՝ մամուլի ասուլիս կամ հարցազրույց: Նման գործընթացները, որպես կանոն, հրահանգված են տեղի ունենում: Ասենք՝ ակնհայտ է, որ ՀՀԿ «էլիտային» հրահանգված է ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման համար հող պատրաստել, եւ նախօրեից ՀՀԿ-ականները գործի են անցել:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ