Հանեք էկրանները

Հանեք էկրանները

Երեկ Ճանապարհային ոստիկանությունն ավետեց, որ նոր արագաչափեր են տեղադրվում մայրաքաղաքում: Ժողովուրդն ասում է՝ գայլի գլխին ավետարան են կարդում, նա ասում է՝ շուտ արա, ոչխարը սարն անցավ: Մինչ ավտովարորդները, հատկապես տաքսիստները, բողոքում են, որ այսքան տեսագրող ու չափող սարքերի արդյունքում «դառը դատում են՝ դատարկ նստում», մեր իշխանությունը շարունակում է հարստացնել կասկածելի ծագումով ինչ-որ կազմակերպությունների: Եվ ամենաուշագրավն այն է, որ դա արվում է դեմագոգիկ պնդումների քողի տակ, թե դրանով կանխում են ավտովթարները, կրճատում վթարների արդյունքում զոհերի քանակը: Եվ չնայած հայտնի է, որ վթարների քանակը նախորդ տարիների համեմատ առանձնապես չի փոխվել, ուզում եմ անդրադառնալ վթարների առաջացման պատճառներին առհասարակ: Թերեւս մեծ հայտնագործություն արած չեմ լինի, եթե պնդեմ, որ վթարների հիմնական պատճառը վարել չիմացողներին վարորդական վկայականներ տալն է, ճանապարհների վատ վիճակը, ճանապարհային նշանների ոչ օպտիմալությունը: Երբ ղեկին նստածը ոչ միայն մեքենա վարել չգիտի, այլեւ լկտի է ու անպատժելի, նրան տուգանքներով չես զսպի: Երբ ավտոմեքենաների տեխնիկական զննությունը մի գեղեցիկ օր վերացրին, այն փոխարինելով կտրոն վաճառելու գործընթացով, որն անօրինական հարկի է վերածվել, վթարները դժվար թե պակասեն: Երբ բոլոր կարեւոր ճանապարհներին կախեցին մեծ պաստառներ ու մերկ աղջիկներ եւ ֆուտբոլային խաղեր ցուցադրող էկրաններ, վթարները ոչ թե կրճատվեցին, այլ ավելացան: Վարորդի տեսադաշտը պետք է բաց լինի, մեքենան` սարքին: Եվ ամենակարեւորը՝ պատժիչ միջոցառումները պետք է արդարացի լինեն ու հավասարապես տարածվեն բոլոր կարգազանցների վրա, այլ ոչ թե խորացնեն անարդարության հասարակական գիտակցությունը:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ