Ակցիա՝ առանց ակտիվիստների

Ակցիա՝ առանց ակտիվիստների

Երեկ կեսօրին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքավորների արտասովոր բազմություն էր հավաքված, որը նման չէր ոչ Մաշտոցի պողոտայի հաջողակ ակտիվիստներին, ոչ էլ Կոմիտաս 5-ում հավաքվող համարձակ, սոցցանցերում «բացված» ջահելությանը: Այստեղ էին ամենաչքավոր, ամենակախյալ եւ ըստ այդմ՝ չափից դուրս հնազանդ սոցիալական ենթախմբի մոտ 2 տասնյակ ներկայացուցիչներ` քրեակատարողական հիմնարկներում ազատազրկում կրող դատապարտյալների հարազատները: Նրանք բողոքում էին պատժի վաղաժամկետ կրումից ազատման հանձնաժողովի դեմ, որի գործողությունները բողոքարկման ենթակա չեն, եւ որը, փաստորեն, օրենքից վեր կանգնած մարմին է, որն իրեն ստվերային դատարանի դեր է վերագրել: Սա նաեւ ՀՀ ամենաչկայացած եւ ամենաանմատչելի ինստիտուտներից է: Համաձայն Քաղաքացիական հասարակության ինստիտուտի 2010 թվականին անցկացրած հետազոտությունների, եթե 2006-ին ազատվել էր պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ունեցող դատապարտյալների 22 տոկոսը, ապա 2010-ին՝ միայն 7 տոկոսը: Դատապարտյալների հարազատները խունացած թղթեր էին ցույց տալիս հավաքված մի քանի լրագրողներին, պատմում էին, թե ինչպես են դատարանները մերժել գործերի վերանայումները, թե ինչպես են իրենց հարազատները բերաններ կարել, երակներ կտրել, բայց՝ անօգուտ: «Հիմնարկի պետերը չեն ցանկանում ոչ մեկին վաղաժամկետ ազատել, որովհետեւ ամեն դատապարտյալից օրը 6 հազար բյուջեի գումար ունեն: Դատապարտյալների 10 տոկոսը չի սնվում իրենց ուտելիքներից, իրենց  ուտելիքի գումարներն իրենք գիտեն, թե ուր են գնում»: «Առանց ապացույցների մարդկանց դատում են մեր փչացած դատարանները: Հայ տղամարդկանց կեսը բերդերում են, կեսը` Ռուսաստանում»: «Վաղաժամկետ ազատումը չի կիրառվում սովորական քաղաքացու համար: Հանձնաժողովի նախագահ են ընտրում Գասպարյանի տեղակալին: Նա ո՞ւմ պետք է ազատի: Կազատվեն իրենց ծառայած մարդիկ: Օրինակ, Սյունիքի մարզպետի որդիների  նմանները»: «Առաջ դատարանի դահլիճում ժամկետ էին հայտարարում, մարդը գիտեր, որ էսքան նստի, հետո կարող ա դուրս գալ: Իսկ հիմա դատավորի խոսքը մնում է թղթի վրա»: «Ոչ մի ուղղիչ հանգամանք գաղութներում չկա: Ուղղակի մարդիկ իրենց գրպաններն են լցնում»,- բողոքում էին դատապարտյալների մայրերը` տարեց կանայք, որոնք երկար լռել են եւ վախեցել են բողոքել՝ իրենց հարազատներին չվնասելու համար, բայց հիմա դանակը ոսկորին է հասել: Չնայած՝ մի մասը կրկին զգուշանում էր իր կամ հարազատի, կամ էլ ուղղիչ հաստատության անունը նշել: Նրանք համոզված են, որ բանտապետերը «վերեւներից» հրահանգ են ստացել հնարավորինս քիչ դատապարտյալների ազատման ներկայացնել: Ահա ինչու էին նրանք որոշել հենց ամենաբարձր գրասենյակի մոտ իրենց ակցիան անցկացնել` Բաղրամյան 26-ում: Բայց քանի որ նրանք ակցիաներ կազմակերպելու փորձ չունեն եւ պագոնավորների հանդեպ բարդույթներ ունեն, հենց սկզբից բազմաթիվ սխալներ էին թույլ տվել: Դեռահասները, որոնք հիմնականում դատապարտյալների զավակներն են, մետրոյով էին եկել ակցիայի, եւ մետրոպոլիտենը հսկող ոստիկանները խլել էին նրանց ձեռքի պաստառները: Մի քանի երիտասարդներ էլ, որոնց շուրջ ոստիկաններն սկսել են սպառնալից պտույտներ գործել, նախագահականի մոտ կազմակերպված հավաքը դիտել են Պուշկինի այգուց: Ակցիայի մասնակիցները, իհարկե, մի տեքստ են բերած եղել իրենց հետ, որպեսզի հանձնեն նախագահի աշխատակազմին, բայց չի գտնվել մեկը, ով ներս կմտներ, եւ ակցիայի մասնակիցները որոշել են նամակը հանձնել հաջորդ անգամ: «Ամենադուխովը» ֆիդայու համազգեստով 4 տղամարդիկ էին` նախկին ազատամարտիկներ, որոնց ոստիկանները «վնասազերծեցին» հենց սկզբից` մի ոստիկանական մեքենա նստեցրին, տարան «Շրջանային», իջեցրին, սպառնալով, որ եթե իրենց խելոք չպահեն, նրանց անունները կտան գեներալ Մանվելին, որը նրանց կպատժի: Ի վերջո, նախագահական նստավայրի մոտ մնացին միայն կանայք եւ տարեց տղամարդիկ:



Սերժ Սարգսյանի աշխատակազմից մեկը դուրս եկավ եւ ասաց, որ նախագահականում խնդիրներից տեղյակ են, բայց քանի որ նախագահը երկրում չէ, խնդրեց պահանջները ներկայացնել հաջորդ հինգշաբթի: Դատապարտյալների ակցիային չկային քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողները քիչ էին, թեեւ ազատազրկվածների հարազատները, որոնք հիմնականում չունեն ինտերնետ եւ հեռու են համակարգչից, զանգել եւ կանչել էին հայտնի իրավապաշտպաններին, տեղեկացրել էին ակցիայի մասին ԶԼՄ-ներին: Իրավապաշտպաններից ներկայացել էր միայն Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: «Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ այսօր այս ակցիային չկար ոչ մի իրավապաշտպան, ոչ մի ակտիվիստ, բայց Կոմիտասի շենքի մոտ հավաքվում են կիլոներով: Կարելի է հասկանալ, որ էն մյուսներն արված են վերեւից, իսկ սա արված էր ներքեւից: Երեւում էր, որ մարդիկ անկազմակերպ էին, չկար ոչ մի մարմին, սրանք դատապարտյալների հարազատներն են, որոնք «տուլիկ» փոխանցելու ժամանակ շփվում են իրար հետ, խոսել են իրար հետ եւ որոշել են գալ այստեղ»,- ասաց նա: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ