Տարոն Մարգարյանն ուզում է սակագինը բարձրացնել, բայց՝ ուրիշի ձեռքով

Տարոն Մարգարյանն ուզում է սակագինը բարձրացնել, բայց՝ ուրիշի ձեռքով

Դեռեւս նախորդ շաբաթ Տարոն Մարգարյանն  աշխատանքային խորհրդակցության ժամանակ իր խորհրդական Ալբերտ Գեւորգյանին, ով ժամանակին եղել է Էրեբունու գործկոմի նախագահ, իսկ դրանից առաջ աշխատել է թիվ 1 ավտոպարկում, հանձնարարել էր Երեւան քաղաքում ուղեւորափոխադրումների կիրառման մեխանիզմների եւ զեղչերի համակարգի մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ անձանց, Երեւանի ավագանու անդամներին, ակցիաների մասնակիցներին: Որպես վերջնաժամկետ էր նշանակվել օգոստոսի 29-ը: Իսկ սեպտեմբերի 2-ից պետք է մեկնարկեին քննարկումները: Սակայն հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները հետաձգվել են մինչեւ սեպտեմբերի 9-ը: Ընդ որում՝ սեպտեմբերի 10-ին էլ լինելու է Երեւանի ավագանու նիստը, ինչը կարելի է համարել հանրային քննարկումների մեկնարկը: Այս հետաձգումը, ոչ պաշտոնապես, մեկնաբանում են քաղաքացիական կյանքի լարվածությամբ: Վերջին շրջանում անընդհատ բողոքի ակցիաներ են ու ընդվզումներ, եւ եթե ուղեվարձի թանկացման խոցելի որոշումն էլ այս օրերին քննարկվի, շարժումն ավելի լայն թափ կառնի: Սակայն քաղաքապետի տրանսպորտի գծով խորհրդական Ալբերտ Գեւորգյանը նախօրեին, մեզ հետ զրույցում, հանրային քննարկումների հետաձգումը պայմանավորեց տեխնիկական հարցերով: Ըստ մեր զրուցակցի, հանձնաժողովի որոշումը կդրվի հանրային քննարկման, եւ ըստ այդմ կորոշվի, թե ինչին է կողմնակից հանրությունը: Այս հանձնաժողովում ընդգրկված են լինելու շուրջ 30 ՀԿ-ների, ուղեւորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, փորձագետներ,  նախագահին կից Հանրային խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Երեւանի ավագանու բոլոր ֆրակցիաները: Թեեւ «Բարեւ, Երեւան» եւ տրանսպորտի հարցով ընդդիմադիր ԲՀԿ-ական ֆրակցիաները պնդում են, որ հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր չեն ստացել, Տարոն Մարգարյանի խորհրդականն էլ պնդում է, որ հայտարարություն է արվել, եւ արդեն կան մասնակցության առաջարկներ: Սակայն «Բարեւ, Երեւանը» դեռ չի որոշել՝ մասնակցել, թե ոչ: Ինչ վերաբերում է սակագնի քննարկումներին մասնակցությանը, ապա «Բարեւ, Երեւանը» շահեկան վիճակում է, իսկ ԲՀԿ ֆրակցիան՝ որքան էլ դեմ է արտահայտվում թանկացմանը, խոցելի է, քանի որ կուսակցության կարկառուն դեմքերը «գծատերեր» են: Քաղաքապետի խորհրդականի մեկնաբանությամբ՝ այդ քննարկումներում շեշտը կդրվի աշխարհի շատ երկրներում ընդունված մոդելի վրա, 150 դրամանոց սակագնի ճկուն կիրառման վրա, ճկուն զեղչային համակարգ կքննարկվի, բայց, միաժամանակ, ինքը չգիտի՝ սակագինը կփոփոխվի, թե ոչ: Մեր այն հարցին, թե դրանից կարելի՞ է ենթադրել, որ սակագնի՝ 150 դրամի հետ կապված որոշումն անփոփոխ կմնա, խորհրդականը դժվարացավ հստակ պատասխանել: Ասաց՝ դեռ վաղ է սակագնից խոսելը, դա պարզ կլինի քննարկումներից հետո: Այսինքն, զեղչերի քննարկում են նախատեսում, բայց չգիտեն, թե սակագինը վերջնահաշվարկում որքան է լինելու: «Հանձնաժողովի ու մեր պատասխանատուների քննարկումներն ի մի կբերվեն, թե ինչի 100-ից դարձավ 150, եւ, միաժամանակ, խոցելի խավերի հետ կապված զեղչային ճկունության կիրառման կարգը կքննարկվի, ինչից հետո կներկայացվի արդեն հանրային քննարկման»,-մանրամասնեց խորհրդականը՝ նշելով, որ քննարկելու են «տրանսպորտի բարեփոխումները. ինչ ստադիայում է, ինչ իրավիճակ է, ինչ հիմքերով է դարձել 150 դրամ»: Հանձնաժողովի ղեկավարը դեռ հայտնի չէ: Թեեւ պարզ է, որ սակագինը վերջնականապես որոշվելու է Բաղրամյան 26-ում՝ պայմանավորված հանրության ընդվզումներով ու դրա հետեւանքներով:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ