Ծանուցագիր են ուղարկել 1 տարի առաջ մահացած անձին

Ծանուցագիր են ուղարկել 1 տարի առաջ մահացած անձին

«Արմենիա Վայն» գործարանից կատարված 40 հազար դրամ արժողությամբ օղիների գողության փաստով հարուցված մի քրեական գործով քննիչները ցույց են տվել իրենց մասնագիտական ողջ «հմտությունները»: Գողության մեջ մեղադրվում է գործարանի նախկին աշխատակից Արմեն Պուլուզյանը: Վերջինիս կնոջ` Ներինե Հովսեփյանի խոսքով, իր ամուսինը կապ չունի այդ գողության հետ, նրա «գլխին սարքել են»: Գողության փաստն արձանագրելուց հետո, կնոջ խոսքով, գործարանի անվտանգության պետի` Արսեն Չալյանի եւ արտադրամասի պետի` Արթուր Ալավերդյանի կողմից ամուսինը բռնության է ենթարկվել: «Նրան մի քանի ժամ պահել են գործարանում, բռնություն են գործադրել, ծեծել են: Նրան ստիպել են հակառակ իր կամքին ցուցմունք գրել»,-պատմեց կինը՝ ավելացնելով, որ Չալյանը ծեծել է նաեւ իր եղբորը, ով նույնպես աշխատելիս է եղել գործարանում:



 



«Եղբորս Չալյանը երկու անգամ էլեկտրաշոկի է տվել: Մենք բողոք ենք ներկայացրել, բայց անտեսվել է, որովհետեւ իրանք ունեն փող եւ իշխանություն, իսկ մենք հասարակ մարդիկ ենք»,- ասում է կինը: Գողության փաստով հարուցված գործը սկզբնական շրջանում քննվել է Աշտարակում, ապա, անհայտ պատճառներով, տեղափոխվել Երեւան: Աշտարակում գործի քննության ընթացքում Նարինե Հովսեփյանը վկայի կարգավիճակով կանչվել է ոստիկանություն, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ մեղադրյալն իր ամուսինն է: Ինչի առիթով արձանագրություն է կազմվել: Այնուհետեւ, երբ գործը տեղափոխվել է Երեւան՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, կինը քննիչի` Ռուբիկ Վարդանյանի կողմից կրկին հրավիրվել է ցուցմունք տալու: Նարինե Հովսեփյանը դարձյալ հիշեցրել է, որ մեղադրյալն իր ամուսինն է, եւ ինքն իրավունք ունի ցուցմունք չտալու, ինչպես նաեւ հիշեցրել է այդ առիթով գործում առկա արձանագրությունը, հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն: Սակայն քննիչն անդրդվելի է գտնվել:



 



Նարինեի պատմելով, քննիչն ամեն օր զանգահարում է իրեն, կանչում, զանգահարել է իր հորը եւ սպառնացել, որ եթե Նարինեն չներկայանա, բերման ենթարկելու որոշում կկայացնի: Այդպես էլ արել է: Երեկ տեղեկացանք, որ բերման ենթարկելու որոշում, այնուամենայնիվ, կայացվել է, եւ Նարինե Հովսեփյանին տարել են ոստիկանություն: Վերջինս մեզ փոխանցեց, որ բավական կոպիտ կերպով են իրեն տարել ոստիկանություն, կոպտությամբ չի զիջել նաեւ քննիչը: Ոստիկանությունում Նարինեն կրկին հրաժարվել է ցուցմունք տալուց, կազմվել է արձանագրություն, եւ նա ազատ է արձակվել: «Քննիչի կողմից ինձ վրա հոգեբանական ճնշում էր գործադրվում, ամեն ձեւով ինձնից ցուցմունք էին ուզում կորզել, բայց ես հրաժարվեցի: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում ինձնից եւ՝ առհասարակ: Նախաքննության ժամկետը երկու ամիս է, բայց արդեն 7 ամիս է՝ չես հասկանում քննիչներն ինչով են զբաղված: Լիսկայի գործի նախաքննությունը երկու ամսում ավարտվեց, իսկ ամուսնուս առաջադրված այս անհեթեթ գործը, որի համար նույնիսկ բավարար ապացույցներ չկան, 7 ամիս է, ինչ քննում են: Եզան տակ հորթ են ման գալիս»,-դժգոհեց կինը:



Ի դեպ, սա քննիչի միակ զարմանալի արարքը չէ: Նա այս գործի շրջանակներում ծանուցագիր է ուղարկել նաեւ մեղադրյալի փեսային` Արթուր Գեւորգյանին, ով, սակայն, արդեն 1 տարի է, ինչ մահացած է: 



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]