Եթե շուկան է խնդիրը, ապա Չինաստանը դեմներդ է, արտադրեք՝ ծախեք

Եթե շուկան է խնդիրը, ապա Չինաստանը դեմներդ է, արտադրեք՝ ծախեք

Չնայած այն բանին, որ առաջին իսկ օրերից հայ գործարարները մեծ ցնծությամբ ընդունեցին Մաքսային միությանն անդամակցելու լուրը՝ դա ընկալելով որպես  ռուսական մեծ շուկայում իրենց ապրանքներն ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն, այդուհանդերձ, այսօր էլ նրանք կոնկրետ չեն կարողանում բացատրել, թե ինչ արտոնություններ են ստանալու ՄՄ անդամակցությունից: Խմիչքներ եւ պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր էլ պնդում է, որ դա միայն դրական է անդրադառնալու կոնկրետ «գյուղմթերք վերամշակող» բիզնեսի վրա, ռուսական շուկայում իրենց արդեն ճանաչում են, իսկ եվրոպական շուկա մուտք գործելու, այնտեղի սպառողին իրենց արտադրանքը ներկայացնելու համար իրենց տասնյակ տարիներ եւ միլիոնների ներդրումներ են պետք։ «Մեր գյուղմթերքների շուկան անկախության հռչակումից ի վեր եղել է միայն ռուսական շուկան: Ավելին ասեմ՝ Ռուսաստանն արդեն իննսուն տարի ճանաչում  է հայկական խմիչքը, ռեկլամի խնդիր չկա՝ ի տարբերություն Եվրոպայի»,- ասում է Պետրոսյանն  ու վստահեցնում, որ ամբողջ Հայաստանն «իր բիզնեսների» 90 տոկոսն արտահանում է Ռուսաստան։ Ճանաչելիությունից բացի, հարկային արտոնություններ կլինե՞ն։ «Դե, հարկը մի հարկ ա, տարբերություն չկա, եթե ԱԱՀ ես վճարում, էդ հարկը պետք է դու վճարես: Մանրամասն տեղյակ չեմ, գիտեք՝ ԱԺ-ն դեռ պետք է 50 օրենք ընդունի դրա վերաբերյալ, մենք էլ պիտի աշխատենք, որ Հայաստանը շահավետ վիճակում հայտնվի»: Թե ինչու է պատգամավորն առանց մանրամասներին ծանոթանալու պնդում, որ ՄՄ-ին անդամակցությունը դրական ազդեցություն է ունենալու իր բիզնեսի վրա, Պետրոսյանը պատասխանում է. «Որովհետեւ, երբ եվրոպական 27 պետություններ մտան մի տնտեսական գոտի, մի ընդհանուր մաքսային սահման ունեն, մենք տեսանք, թե ինչքան լավ եղավ, չէ՞ (խոսքը ԵՄ-ի մասին է), ո՞վ չի ուզենա, որ մեծ՝ 150 մլն-անոց շուկայում ինքն էլ լինի:



 



Տնտեսական մեկ ընդհանուր շուկայում գտնվելով, այլեւս տարբերություն չի լինի՝ Հայաստանո՞ւմ ես արտադրում, թե՞ Ռուսաստանում, ոչ թե հիմա՝ տամոժնի, թույլտվություն, թույլատրել՝ մտնի, թե չմտնի, մեր սերտիֆիկատ եւ այլն, այն ժամանակ գործելու է մի օրենք բոլորի համար»: Իսկ եթե հետագայում ընդհանուր դրամային միավորի գոտում հայտնվենք, ինչի մասին արդեն խոսվում է, այդ ժամանակ ինչպե՞ս պետք է կարգավորվի։ «Մի քիչ վաղ է դրա մասին մտածելը»: Ինչ վերաբերում է եվրոպական կես միլիարդանոց  որակյալ շուկային, որտեղ Հայաստանը կարող էր անարգել մուտք ունենալ, եթե ստորագրվեր Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը, ապա, պատգամավորի համոզմամբ, դա ավելի անհեռանկարային է։ «Դրա համար առնվազն մի 50-100 տարի էլ պիտի սպասես, որ քո ապրանքը եվրոպացիները ճանաչեն»: Այդուհանդերձ, Պետրոսյանը չթաքցրեց դժգոհությունը ներքին խնդիրների վերաբերյալ։ «Հա, լավ, ընդունենք, որ ամբողջ աշխարհի շուկան տան մեզ, պիտի բան ունենանք, չէ՞, ծախելու, այ, սրա մասին պետք է մտածենք բոլորս՝ թե տնտեսվարողը, թե պետությունը: Հայաստանն այսօր խնդիր ունի արտադրանքի, արտադրության աճի, նոր գործարանների, նոր աշխատատեղերի, մի խոսքով՝ արտահանումն ավելացնելու խնդիր ունենք, մեր բոլոր հողերը մշակելու, հողի ՕԳԳ-ն բարձրացնելու խնդիր: Մենք թողել ենք մեր պրոբլեմը եւ շուկայի կռի՞վ ենք անում,- հանկարծ նախկին ոգեւորությունը մոռանալով՝ պատգամավորն սկսեց բորբոքվել։- Դե, եթե շուկան է խնդիրը, ապա Չինաստանը դեմներդ է, արտադրեք՝ ծախեք, ուրեմն ի՞նչ պարտադիր ա ինչ-որ միության մեջ մտնել, իսկ խոչընդոտը մենք բոլորս ենք, բոլորս պետք է ուզենանք, որ մեր երկիրն արտահանող երկիր դառնա, ոչ թե ներմուծող»:



 



ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի-Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը նախ հիշեցնում է, որ անկախությունից հետո Հայաստանում արդյունաբերական գերհզոր ճյուղերն այլեւս չեն գործում, եւ այսօր շատ ավելի ակտիվ է գյուղատնտեսությունն իր վերամշակող ճյուղերով։ «ՀՀ նախագահի հայտնի հայտարարությունից հետո գյուղմթերք վերամշակող կազմակերպությունները, գնելով խաղող, նպաստեցին, որ մոտ 10 մլրդ դրամ ներդրվի խաղողի արտադրության մեջ։ Եթե սեպտեմբերի 3-ին այդ հայտարարությունը չարվեր, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի կիլոգրամ խաղող չէր մթերվի, եւ ոլորտում եղած այսօրվա աշխուժությունը կվերածվեր քաոսի, գյուղացիները ճանապարհները կփակեին, բողոքի ցույցեր կանեին»,- ասում է նա։ Հակառակ դեպքում, Ղազարյանի կարծիքով, հայկական խմիչքները Եվրոպայում պահանջարկ չէին ունենա. «Լավագույն դեպքում Հայաստանը կկարողանա եվրոպական շուկայում իրացնել արտադրված կոնյակի ընդամենը 10 %-ը։ Ես չեմ ասում, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք այլ շուկաներից եւ քաղաքակրթությունից։ Հակառակը, պետք է շատ լավ հարաբերություններ պահպանենք մեր հարեւանների, Արեւմուտքի, ԱՄՆ-ի, անգամ Չինաստանի, աֆրիկյան երկրների հետ։ Բայց հիմա մենք մեր տանն ենք, մենք 200 տարի է՝ այդ տանն ենք ապրում»։ Իսկ ահա «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ընդհանուր սահմանների բացակայության պարագայում ինչպես պետք է իրացվի իրենց արտադրանքը. «Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները ճիշտ ելք կգտնեն, որ քաշքշուկ չլինի Վրաստանի սահմանով անցնելիս», բայց դա չի խանգարում, որպեսզի, միանալով իր բիզնես գործընկերներին, արձանագրի բացվող մեծ շուկայի հեռանկարը: «Դեռեւս ոչինչ չեմ ուսումնասիրել, որպեսզի հստակ ասեմ, թե հարկային ինչ արտոնություններ կլինեն, բայց որ դրական կլինի, ես համոզված եմ»:



 



Լուսինե  Շահվերդյան



[email protected]