Մարդը գնում է դեպի քարանձավ...

Մարդը գնում է դեպի քարանձավ...

Նկարիչ Սեւի ստեղծագործությունները ժամանակի ու տարածության զգացողությունից դուրս են` նախամարդու առաջին կրակի հոտով ու երկնաքարից ձուլված կարծես: Ինքն իր ստեղծագործությունների մասին ասում է. «Իմ արածը հետոյի մասին է, ոչ թե ապագայի, այլ ապագայից հետոյի»: Սեւը 14 տարի է, ինչ ապրում է Միացյալ Նահանգներում: «Ֆեյսբուքում» բավական ակտիվ է, ու զրույցի սկզբում ես նրան հարցրի, թե ինչ տպավորություններ ունի օվկիանոսի այս կողմում գտնվող փոքրիկ հայրենիքից ստացած լուրերից:



- Հայաստանում քաղաքական կոչվող դաշտում, որն իրականում ջերմոց է, 1996-ից ի վեր ոչինչ չի աճում...



 



- Սեւ, ուղիղ մեկ տարի առաջ Երեւանում էիր… ի՞նչն էր փոխվել մեր քաղաքում, մարդկանց մեջ…






- Այդ երկար ու հագեցած ամսվա ընթացքում անորոշ մի զգացողություն ունեի, որը որոշակիացավ մայրաքաղաքի օրվա տոնակատարության օրը. հին բարեկամներիցս մեկը հարցրեց, թե ինչ փոփոխություններ եմ տեսնում բացակայությունիցս հետո... «Կետիկնոցի» մոտ մի նստարանի էինք նստած. դիմացի մայթին՝ Օպերայի մոտ, ահավոր ծանոթ, տոնական եռուզեռ էր, հանրահռչակ լճացման տարիներին հար ու նման, սակայն ավելի ծաղրանկարային ու զավեշտական... անհամբեր սպասում ու դիմավորում էին... ՀՀ «պռեզիդենտին»... պատասխանս բարեկամիս այնքան էլ դուր չեկավ, բայց ուրիշ պատասխան չունեի՝ ոչինչ...



 



- Այնուամենայնիվ, ինչ-որ լավ բան... որը չէր կորել:






- Ինչը դեռ չէր կորել... երբ ասացի, որ ոչինչ չի փոխվել, դրա միայն բացասական կողմը նկատի չունեի. չէր փոխվել այն, ինչ չի փոխվում այս անհեթեթ տիեզերքի ցանկացած հատվածում. հին ծանոթների, մտերիմների ու բարեկամների անմիջականությունը, բնությունը... ու անգամ «հարազատ» դարձած մշտակա՛ առնետավազքը...



 



- Սեւ, շա՞տ ես ճամփորդել:






- Երբ այստեղ եկա, արդեն բավականին ժամանակ էր՝ էլ չէի «ճամփորդում» ո՛չ ժամանակի, ոչ էլ տարածության մեջ, մարդու կյանքում գալիս է մի պահ, որ այդ թվացյալ տեղաշարժերը ոչ գրավում են, ոչ էլ վանում, կյանքն ընթանում/շարունակվում է, բայց արդեն տեղից ու ժամանակից դուրս:



 



- Ասում են՝ Լենինի արձանն ապամոնտաժելուց հետո առաջարկել ես, որ տեղը գազոն լինի միայն…






- «Կազիրյոկ»-ում սովորականի պես նստած մտմտում էինք: Որոշեցինք մեր ալտերնատիվ նախագիծը թերթին ներկայացնել, ու ես առաջարկեցի գլխումս հայտնված առաջին միտքը՝ խուզած գազոն, տոտալիտարիզմի ամենապարզ մոդելը... առաջարկ եղավ պատվանդանն ապամոնտաժելուց հետո գրանիտն ու բազալտը վաճառել Պարսկաստանում, իսկ հասույթով վարձել հնձվորների, որ սիստեմատիկորեն խուզեն գազոնը...



 



- Այսինքն` ոչ մի կո՞ւռք:






- Եվ ոչ մի հեղինակություն... հատկապես քաղաքականության մեջ:



 



- Մեր քաղաքական գործիչներն այսօր խուզված գազոնի նման չե՞ն:






- Փշոտ մացառուտ են... էն որ միջով, քան կողքով անցնել չի լինում...



 



- Ամերիկայում շա՞տ հայ ընկերներ ունես:






- Ընկերների քանակը սովորաբար մինիմալ է լինում... իմ ընկերներն ապրում են ամենուր...



 



- Իսկ հայ համայնքի հետ շփո՞ւմ:






- Շփում կա, սակայն, որը չի դառնում երկխոսություն:



 



- Ինչո՞ւ:






- Մեղքը միգուցե իմն է... առօրեականի, ժամանակայինի լեզվին վատ եմ տիրապետում...



- Մեր հայրենակիցներն այդտեղ խելահեղ վազքի մե՞ջ են:






- Էստեղ բոլորն են վազքի մեջ, խելահեղ վազքի, հայերը՝ նույնը... արագ սովորում են... իսկ ես վաղուց է՝ ոչ մի տեղ չեմ շտապում...



 



- Դու քո գործերը վաճառո՞ւմ ես ԱՄՆ-ում:






- Հա, եթե գնող լինում է՝ վաճառում եմ...



 



- Օտարնե՞րն են ավելի շատ հետաքրքրվում, թե՞ հայրենակիցներդ:






- Իրական հետաքրքրվողն ազգություն չունի...



 



- Սեւ, ինչի՞ն ես անվերապահորեն հավատում:






- Իմանալուն, գիտակցությա՛նը:



 



- Շատ երիտասարդներ, աբստրակցիայի «հովերով» տարված, ստեղծագործում են, սակայն հաճախ նրանց ստեղծագործությունները դառնում են ուղղակի նայելու համար, ոչ թե տեսնելու, ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:






- Հովերն են պատճառը... արվեստը կարող է ծնվել միայն փոթորկից...



 



- Սեւ, ստեղծագործելիս կրակի եւ նյութի հետ էնպիսի տարերք ես դնում, լինո՞ւմ է, որ կանայք քեզ տեսնեն ստեղծագործելիս ու սիրահարվեն...






- Չեմ կարող ասել, որ չի լինում, բայց կինս ամեն ինչ կարդում է՝ արի էս հարցը նրբորեն շրջանցենք...



 



- Կինն ո՞վ է քո կյանքում` կյանքի ընկե՞ր, թե՞ մուսա...






- Ուղեկից եւ համար մեկ թշնամի... «ընկերոջդ մոտիկ պահի՛ր, իսկ թշնամուդ կողքիդ» սկզբունքով...



 



- Սեւ, քեզ ծերությունը վախեցնո՞ւմ է:






- Եթե մարդը գերադասում է վախենալ, ամեն ինչից էլ կվախենա:



- Տարիներիդ հարստությունն առաջնահերթ քեզ ի՞նչ է սովորեցրել:



- Մեզ սովորեցնում են, որ ցանկանալն ու երազելն ամենակարեւորն են... բայց չեն սովորեցնում գլխավորը՝ միշտ ուշադիր ու զգոն լինելը... Եվ՝ որ պետք չի վախենալ... վախն է ավերում էս աշխարհը...



 



- Տեխնիկայի զարգացման այս դարում քո կարծիքով ո՞ւր է գնում մարդը:






- Դեպի քարանձավ... Քանզի քարանձավի պատերի ստվերներից այն կողմ մարդու ընդհանրական գիտակցությունը դեռ չի անցել...



 



- Սեւ, թեեւ քեզ հետ դժվար է հիշել ժամանակի մասին, բայց մենք նույն տարածության մեջ չենք, ու քանի որ ձեզ մոտ առավոտ է, մեզ մոտ՝ կեսգիշեր արդեն... թեեւ մի ինչ-որ բան կիսատ եմ զգում մեր զրույցում, ինձ մի նամակ գրի, որ ես արթնանամ ու առավոտյան կարդամ, կլինի՞:






- Կարո՞ղ է գիտես ես Զորի Բալայանն եմ (դնում է ֆեյսբուքյան ծիծաղի նշանը...):



 



 



ՀԳ -  Սեւի նամակը



Այնուամենայնիվ, ես առավոտյան ստացա մի նամակ, որ Սեւը վերնագրել էր. «Նամակ բարեկամիս»: Ահա այն. «Ողջույն:



Զգում եմ, որ պիտի գրեմ, մի բան ասեմ, բայց բառեր չկան… կամ էլ այնքան շատ են, որ իրար կողքի չեն շարվում… կուտակվում են իրար գլխի ու խեղդում միմյանց… Մի անգամ գրել էիր՝ …



I՛d poison you with my love:



 



… Բանաստեղծական այս բռնկման մեջ այնքան իրականություն ու անելանելիություն կա, որ կարող է սպանել…



 



 Ես վաղուց ի վեր հրաժարվել եմ բացատրել շատ երեւույթներ, որոնց հենց բացատրությունն ավելի է խճճում, անհասկանալի դարձնում… կյանք, սեր, մահ, տուն, միայնություն, վախ, կարեկցանք… Ինչքան լեզվին առավել լավ ես տիրապետում, այնքան ավելի դժվար է բառերով մտածելը… խոսելը… մնում են պատկերներն ու «մարմնի լեզուն»… որոնք նույնպես, հաճախ, անզոր են… ու ինքդ դառնում ես անօգնական մանուկ… անուժ ու առանց սպասելիքի՝ ակնկալիքի… քարացած ու համր… բայց կենդանի՝ ողջ… անբացատրելի մղումներով հեղեղված, ու անգամ մահը՝ այդ ամենի դիտավորյալ դադարեցումը, ծիծաղելի, անհեթեթ հիմարություն է դառնում.… ժամանակը նորից մահացավ… հավերժությունը կրկին կակազում է, մարմինը նվվում է անհագությունից, ամեն բջիջ հագուրդ է պահանջում՝ կողքինից… իսկ հագուրդը, բավարարությունը ընդամենը բառեր են, քաղցած, սովյալ, անկուշտ… ու բութ... երազանքներ, ձգտումներ, ցանկություններ… անհանգստություն, վախ, տագնապ…



 ՀՈ՜ՒՅՍ…



ՀՈ՜ՒՅՍ…



 Ի՞նչ…  



Շնչել` արտաշնչելու վայելքին չտիրապետած, մի կտոր հաց ուտելու հաճույքը չզգացող մեր այս «գիտունությամբ» ո՞ւր ենք ցանկանում հասնել… չէ՞ որ հասել ենք վաղուց… մե՜ծ, բարձր հաջողությունների, քաղաքակրթության, առատության… համընդհանուր երջանկության... նաեւ ուրիշներին ԽԵԼՔ սովորեցնելու…



Չինական ասացվածք կա. «Երազելիս զգույշ եղի՛ր, դրանք իրականանում են»։



Լավ, բավական է… փորձեմ կենտրոնանալ «ոչինչ»-ի վրա ու որեւէ բան սարքեմ, միգուցե խաղաղվեմ…»:



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ