Դարձ ի շրջանս յուր

Դարձ ի շրջանս յուր

Վիեննայում ԵԱՀԿ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկար սպասված հանդիպումից հետո երեկ պարզվեց, որ կրկին իրականացան «հոռետեսական» կանխատեսումները, եւ նախագահների հանդիպումը հերթականն էր, առանց բեկման: 



 



Երկժամյա  առանձնազրույցից հետո նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը լրագրողների հետ առանց բառ փոխանակելու, առանց ձեռքսեղմման հեռացան՝  նախապատրաստվելով ընդլայնված կազմով հանդիպմանը՝ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Ընդլայնված բանակցությունների ավարտից հետո թե՛ արտգործնախարարները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ նոր  հայտարարություն չարեցին՝  խուսափելով լրագրողների հետ հանդիպումից։



 



Քիչ անց նախագահականից մեզ հրամցվեց հանդիպման մասին հայտարարություն, որում ասվում է. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝  ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝  խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով:



 



Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը, Կիեւում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ ընթացիկ տարվա վերջ»:



Նախագահների այս հանդիպումը, սակայն, քաղաքագիտական շրջանակները կարեւորում էին այն առումով, որ շուրջ երկու տարի Ալիեւն ու Սարգսյանը չեն հանդիպել, եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ էության, մտել էր փակուղի, որտեղից, թվում էր, այլեւս ելք չկա։ Լարված իրավիճակ է նաեւ ստեղծվել սահմանին, որտեղ հակառակորդի կրակոցները վերջին ամիսներին սովորական են դարձել, իսկ վերջերս էլ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել էր 19-ամյա մի ժամկետային զինծառայող, հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նրա հասակակից երեք ժամկետային զինծառայողներ։ 



Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը կայացել էր մոտ  2 տարի առաջ՝  2012թ. հունվարին:



 



Այս հանդիպումն առաջինն էր նաեւ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց եւ ներում շնորհելուց ու հերոսի կոչում տալուց հետո (2012թ. օգոստոս): Հանդիպումն առաջինն էր նաեւ երկու երկրներում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններից հետո: Սա մեկնարկային հանդիպում էր նաեւ Մաքսային միությանն անդամակցելու մեր երկրի ղեկավարության ընդունած որոշումից հետո, ինչպես նաեւ մեկ շաբաթ հետո Վիլնյուսում սպասվող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ:  Համանախագահները շահագրգռված էին, որ երկու նախագահները վերջապես հանդիպեն։ Հանդիպման նախորդ երեկոյան Սերժ Սարգսյանին էր զանգահարել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։



 



Իսկ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր նամակ ուղարկել Իլհամ Ալիեւին՝ հորդորելով նրան բաց չթողնել պատմական հնարավորությունը եւ օգտագործել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ հակամարտության կարգավորման համար։ Եվ, չնայած այս հորդորներին, հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ անցավ: Թեպետ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում 17 անգամ հանդիպել է Ալիեւին՝ թե եռակողմ, թե երկկողմ ֆորմատով, բայց ամեն բան մնացել է անփոփոխ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակում են բանակցել 2007թ. նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին հանձնված կարգավորման առաջարկների փաթեթի հիման վրա, որն ստացել է Մադրիդյան սկզբունքներ անվանումը եւ շարունակում է մնալ որպես բանակցությունների հիմք:



 



Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին, Ադրբեջանը մի քանի անգամ տապալել է Խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ներկայացնելով լրացուցիչ պահանջներ: Հանգրվանային առումով, թերեւս, առավել կարեւորվեց 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպումը, երբ տպավորություն կար, թե կողմերը «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի շուրջ համաձայնություն են ձեռք բերել եւ Կազանում ի վերջո  կստորագրեն փաստաթուղթ: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթն այդ տեսքով՝ հանդես գալով 10 նոր առաջարկություններով:



2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում կայացած հանդիպումից առ երեկ նախագահների մակարդակով հանդիպում տեղի չէր ունեցել: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով, նման արդյունքներն առավել քան սպասելի էին՝ նույնիսկ երկամյա դադարից եւ այդ ընթացքում վերոնշյալ գործընթացներից հետո: Ի՞նչ պիտի ներկայացներ հայկական կողմը, որը չարվեց՝ հարցրինք քաղաքագետին:



 



«Խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ՝ քաղաքական: Այսինքն, կողմերի մոտեցումներն այնքան իրարամերժ են, որ տեխնիկապես կամ ինտելեկտուալ որեւէ մի լուծում կամ որեւէ տարբերակ առաջ բերելը հնարավոր չէ: Հնարավոր մեկ զարգացումն այն է՝ փորձել փխրուն հրադադարի ռեժիմը պահել, դրանից ավել ոչ մի բան պարզապես իրատեսական չէ»,- պատասխանեց նա, ում համոզմամբ՝ մոտակա տարիներին դժվար է որեւէ շրջադարձ պատկերացնելն անգամ:



 






Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]