Հեղափոխություն` նաև հեքիաթներով

Հեղափոխություն` նաև  հեքիաթներով

Նկարիչ Հայկ Սայադյանի ալտերնատիվ ֆիլմերը («Նազարե», «Պանգեա», «Հայր մեր», «Vivos Voco», «Կոմիտաս» եւ 2014 թվականին սպասվող «Նաղաշ») դիտելիս ժամանակի եւ տարածության նյութական զգացողությունդ կորցնում ես` հայտնվելով խորհրդավոր, կարծես քո արմատների, կորցրած հայրենիքի, իրականության եւ միֆի էներգետիկ դաշտում, գտնում քո գենետիկայի եւ ինքնության կոդը:



Զարմանալի համբերատար, բծախնդիր ու նուրբ աշխատանք է անում Հայկը` իր գրաֆիկական աշխատանքներով մուլտֆիլմեր նկարելով:



 



Հոգեւոր անկման, արտագաղթի, սոցիալական ծանր պայմանների, բողոքի ցույցերի, ակցիաների մեր այս ժամանակներում, երբ շատ արվեստագետներ զբաղված են հայրենիքը փրկելու գործով, դիտելով Հայկի նուրբ, համբերատար աշխատանքը, հասկանում ես, որ սա եւս հեղափոխության ձեւ է այն ռեժիմի դեմ, ով վաղուց մերժել է բարձր արվեստը:






Առաջին հարցս, որ ուղղեցի Հայկին, հետեւյալն էր, թե ինչպես է կարողանում մեր ժամանակներում պահել հոգու խաղաղությունը եւ ներդաշնակությունը:






- Այցելեք մի օր Վայոց Ձորի մարզ, իմ ծննդավայր Վայք քաղաքը կամ մարզի ցանկացած այլ բնակատեղի, կամ հնավայր: Առաջին իսկ վայրկյաններից կզգաք դարերի խորքից եկող բարի եւ իմաստուն խորհրդավորությամբ ու միստիցիզմով ներծծված օդը, որ ամենուր է` թե՛ պատմամշակութային հուշարձաններում ու սրբատեղիներում, թե՛ այդ լեռնաշխարհի բնակիչների հայացքներում: Իմ հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունը գալիս է հենց այդ աշխարհից: Ըստ իս` ցանկացած ստեղծագործող պիտի կարողանա հավասարակշռություն պահել հողի եւ երկնքի միջեւ: Այն սահմանների, որտեղ նա սավառնում է, եւ որտեղից քաղում է իր բերքը: Հողն իր արմատներն են, իր անցյալը, իր հայրերի թողած ժառանգությունը... երկինքն այն նոր սահմաններն են, որն ինքը պիտի նվաճի ու, դառնալով հայր, հետայսու ժառանգի իր սերունդներին: Ես շատ եմ տառապում սահմաններում, բայց միշտ աշխատում եմ պահել հավասարակշռությունը, որպեսզի անվերադարձ չմնամ սահմաններից մեկում, այլ վերադառնամ այնտեղից` իմ հավաքած բերքով:



 



- Ֆիլմերիդ սցենարները վերցնում ես «Մոզ» հեքիաթաշարից, որն սկսել ես գրել դեռեւս 19 տարեկանից:  Այդ ավերված քաղաքն այդքան ուժեղ ու խորը ազդեցությո՞ւն ունի քեզ վրա (Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում հիշատակվող Վայոց աշխարհի եւ Մոզ քաղաքի կործանման պատմությունը, որը մեղքի ու հատուցման մի պատմություն է՝ նման Սոդոմի եւ Գոմորի կործանման պատմությանը: Քաղաքը, լավայի շերտի տակ անցնելով, կործանվել է՝ Ա. Ք.):






- Իմ էներգետիկ կենտրոնն է: Լուրջ: Զգում եմ, որ իմ ամբողջ էներգետիկ հոսքերն այնտեղից են սնվում: Այնտեղ են ծնվել, այնտեղից էլ շարունակում են գալ դեպի ինձ՝ աշխարհի որ ծայրում էլ ես լինեմ:



 



- Դու քո մուլտֆիլմերով կարծես այն հոգեբան-բժիշկը լինես, որը քնեցնում է մարդուն ու ինչ-որ բուժական մեթոդով ստիպում նրան հիշել բաներ, որոնք նա վաղուց մոռացել էր: Այս դեպքում ազգի մասին է խոսքը: Դու փորձում ես վերականգնել մեր ազգային-գենետիկական հիշողությունը:









- Պատկերացրեք երեսուն տարեկան մի մարդու: Բավականին խոսուն տարիք է ըստ իս` կյանքում որեւէ բանի հասնելու, ապրելու իմաստը, արժեքն ու քաշը գիտակցելու համար: Ու պատկերացրեք, որ երեսուն տարեկանում նա կորցնում է իր հիշողությունն ու գալիք քառասուն տարիներն ապրում է առանց հիշողության: Իսկ հիմա պատկերացրեք յոթանասուն տարեկանում վերականգնվում է նրա հիշողությունը` վերադառնում են երեսուն գիտակցական տարիների իր բոլոր հիշողությունները… ինչ կկատարվի նրա հետ…



 



- Շփվելով քեզ հետ՝ հասկանում եմ, որ Հայկ Սայադյան մարդը գրեթե չի տարբերվում իր աշխատանքներից` սիմվոլիկայով հարուստ պատկերներ՝ ֆիլմերում, եւ սիմվոլիկայով հարուստ խոսք` զրույցում...






- Սիմվոլիզմի լեզուն, չնայած իր պակաս մատչելի լինելուն, ավելի շուտ է հասնում մարդու ենթագիտակցությանը, այնտեղից էլ ուղարկվում համապատասխան մշակումների ու վերծանումների: Ես կարող եմ ցանկացած ամենապրիմիտիվ ու ամենակենցաղային գործառույթ, ինչպիսին, օրինակ, հասարակ թեյախմությունն է, պատկերել սիմվոլիկ, եւ դա կդիտվի ավելի խորքային անկյուններից, կստիպի իրեն ավելի երկար նայել, քան ուղղակի թեյ խմողին նայելիս:



 



- Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ կան, որոնց հետեւում ես:






- Անկեղծ եղիր քո գործում` ինքդ քո հետ, ուշադիր եղիր անցնելիք ճանապարհիդ վրա, մի բավարարվիր ու միշտ ձգտիր կատարելության եւ ընթացքում (չեմ ասում վերջում`կատարելության ճանապարհը վերջնագիծ չունի) կհասկանաս, թե ինչի է ծառայում անցածդ ճանապարհը. ինչ է արվեստը, ինչ է պայքարը: Ու երբ հետ նայես ու տեսնես, որ էլի մարդիկ կան, որ գալիս են այդ ճանապարհով, ուրեմն դու առավելագույնս անկեղծ ես եղել ու առավելագույնս մոտ ես կանգնած եղել կատարյալին:



 



- Միշտ դեպի կատարյա՞լը... Չէ՞ որ այդպես դժվար է ապրել:









- Առանց կատարյալի ձգտման լավ նկարողը երբեք չի դառնա լավ նկարիչ, եւ լավ նկարիչն էլ երբեք չի դառնա Վարպետ` առանց այդ ձգտման: Եվ երբեք չի կարելի կանգ առնել ու բավարարվել` ասելով, որ հասել ենք կատարյալին: Իրականում, դեպի կատարյալ տանող ճանապարհը յուրաքանչյուրիս տունդարձի ճանապարհն է: Սա էլ իմ անձնական համոզմունքն է, որը չեմ պարտադրում ոչ մեկի: Տունդարձի ճանապարհ է, որովհետեւ բոլորս էլ այնտեղից ենք եկել` կատարյալից. միայն այնտեղից կարող էր գալ այնպիսի կատարյալ էակ, ինչպիսին մարդն է: Կարեւոր է միայն գիտակցել, որ տուն ես վերադառնում` կատարյալին ձգտելով: Ու քանի որ եկածդ ճանապարհը շատ երկար է եղել, բնական է, որ ոչինչ չես հիշում:  Հենց այստեղ` ոտքդ այդ ճանապարհին դրածդ առաջին վայրկյանից է, որ ամբողջությամբ պիտի բացես քեզ նրա առաջ, մաքրես բոլոր ընկալուչներդ ու լսես` լսես այն, ինչ ասվում է… իսկ ասվում է մի բան` տունդարձի ճանապարհի ճշմարիտ հատակագիծը: Սա նաեւ գենետիկ հիշողության արթնացմանը տանող առաջին քայլն է` լինել բացարձակապես բաց` կատարյալին դեմ հանդիման կանգնելիս:



 



- Կատարյալին ձգտող մարդը պետք է ամուր հավասարակշռություն ունենա, հատկապես մեր այս օրերում:



- Բայց եթե չպահպանեմ հավասարակշռությունս, չեմ կարողանա փնտրել ու ելքեր գտնել, փնտրել ու պատասխաններ գտնել: Եթե չպահպանեմ հավասարակշռությունս, այս անկման դեմ պայքարող մեխանիզմից մեկ օղակ էլ շարքից դուրս կգա: Ես ինձ համարում եմ մի օղակ: Ես իմ տեղում պիտի լինեմ:



 



- Դու համարո՞ւմ ես, որ նոր ոճ ես բերել անիմացիայի աշխարհ:






 



- Ես ինձ չեմ համարում անիմատոր կամ ռեժիսոր: Ես նկարիչ եմ: Ես հեքիաթասաց եմ, որը նկարում է, հետո կենդանացնում իր նկարները:



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ